
Բաքվում դատապարտվել է Կորեայում Ադրբեջանի դեսպանատան նախկին ֆինանսական կցորդ, 33-ամյա Նաջիբ Օսմանովը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, դատարանն Օսմանովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, նա ձերբակալվել է դատարանի դահլիճում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի փետրվար Նաջիբ Օսմանովը պետական բյուջեից յուրացրել է Հարավային Կորեայում Ադրբեջանի դեսպանատանը հատկացված 347 հազար մանաթ։ Օսմանովը կնքել և հաստատել է դեսպանատան և նրա աշխատակիցների կոմունալ և ապահովագրական վճարների մուծման հանձնարարականները։ Այնուհետև, նա այդ միջոցները հանել է բանկից, փոխանցել իր հաշվին, ապա ծախսել խաղադրույքների վրա։
Դատարանում մեղադրյալը չի հերքել իր մեղքը՝ ասելով, որ ամեն ինչում իր մոլուցքն է մեղավոր։ Օսմանովը հավելել է, որ փոխհատուցել է 77 հազար դոլար վնասի համար և զղջացել է իր արածի համար։ Տուժող կողմ է ճանաչվել Ադրբեջանի ԱԳՆ-ն։