
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը լրացուցիչ խթան կդառնա միության համար։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միությունը, նրա խոսքով, անցյալ տարի շարունակել է երրորդ երկրների հետ բանակցությունները։
«Ստորագրվել են հուշագրեր, առեւտրային համագործակցության պայմանագրեր, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ փոխգործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր»,- նշեց Միրզոյանը։
Այս առումով Հայաստանը կարեւոր է համարում ԵԱՏՄ-ի համար առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը՝ Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ նախկինում ստորագրված փաստաթղթերի հիման վրա։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցություններին, Միրզոյանը, մասնավորապես, նշեց.
«Համաձայնագրի տեքստը գրեթե համաձայնեցված է։ Քննարկվում են միայն առանձին դրույթներ»։