
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում նրանում, որ ինքն ու Վլադիմիր Զելենսկին չեն բարեւել միմյանց Մոլդովայում կայացած գագաթաժողովում:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը տեղի է ունեցել հունիսի սկզբին Քիշնեւում:
«Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Երբ նայում եմ ձեզ՝ լրագրողներիդ, եւ այն, ինչ կատարվում է լրատվամիջոցներում եւ դեգրադացված ընդդիմությունում, ինձ համար ծիծաղելի է։ Առանձնահատուկ ոչինչ չկար։ Այնտեղ էին 45 երկրների առաջնորդներ, եւ միգուցե 5-6-ը, գուցե առավելագույնը 10-ը հանդիպել են Զելենսկուն։ Ոչ մի հերթ չի եղել Զելենսկու ձեռքը սեղմելու համար»,-ասել է Ղարիբաշվիլին։
Լրագրողների այն հարցին, թե Ղարիբաշվիլին անձամբ ինչ կասեր Զելենսկուն, վարչապետը հայտարարել է, որ «պարզապես կբարեւեր եւ Ուկրաինային կմաղթեր պատերազմի ավարտ, տարածքային ամբողջականություն եւ խաղաղություն»։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում չեն բարեւել միմյանց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում։ Քաղաքական գործիչների հարաբերությունների թեման այսօր հայտնվել է վրացական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակման պատճառներից մեկը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումն է։
Վրաստանի վարչապետն ավելի վաղ քննադատել է արեւմտյան երկրներին՝ Ռուսաստանի հետ առեւտուր չանելու կոչի համար: