
Նոր զեկույցում Եվրոպայի խորհրդի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցով փորձագետների խումբը 2018 թվականի նոյեմբերին Ադրբեջանի վերաբերյալ GRETA երկրորդ գնահատման զեկույցի հրապարակումից հետո գնահատում է տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կատարման մասով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«GRETA-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քայլեր ձեռնարկել զոհերի իրավաբանական օգնության հասանելիության եւ փոխհատուցման առկա մեխանիզմների բարելավման ուղղությամբ: Բացի այդ, զեկույցում ընդգծվում է մարդկանց թրաֆիքինգի զոհերի՝ աշխատաշուկա արդյունավետ հասանելիության ամրապնդման եւ նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրման խթանման հետագա քայլերի անհրաժեշտությունը:
GRETA-ն մտահոգությամբ նշում է Ադրբեջանում, մասնավորապես անօրինական միգրանտների եւ ապաստան հայցողների շրջանում զոհերի նույնականացման ուղղությամբ նախաձեռնողական ջանքերի բացակայությունը եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ակտիվացնել զոհերի հայտնաբերման ուղղությամբ ջանքերը:
Իշխանությունների տրամադրած վիճակագրության համաձայն՝ 2018-2022 թվականներին հայտնաբերված զոհերի թիվը կազմել է 472 մարդ, ինչը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ավելի է։ Հայտնաբերված զոհերի 94 տոկոսը սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհ դարձած կանայք են: Միայն 9 երեխա է ճանաչվել որպես թրաֆիքինգի զոհ։