
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները խախտել են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու իրավունքները, երբ հրաժարվել են հետաքննել «Նովիչոկով» նրա թունավորումը։
Դատարանը համարել է, որ Ռուսաստանը խախտել է մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը: Դատարանը վճռել է, որ ՌԴ իշխանությունները Նավալնուն պետք է 40 հազար եվրո փոխհատուցում վճարեն:
«Դիմումատուն բողոքել է, որ ռուսական իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել իր դեմ մահափորձի հետ կապված։ Նա պնդել է, որ իրեն թունավորել են քիմիական նյութով, որին հասանելիություն են ունեցել միայն պետական անվտանգության ծառայությունները, եւ բողոքել է, որ Ռուսաստանի իշխանությունները արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել»,-ասվում է ՄԻԵԴ-ի որոշման մեջ։
Սեպտեմբերին Ռուսաստանը դադարել է անդամակցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ ՄԻԵԴ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը պարտավոր է կատարել դատարանի որոշումները, որոնք վերաբերում են Եվրոպայի խորհրդից դուրս գալուց առաջ կատարված ցանկացած գործողության՝ անկախ այն բանից, թե երբ են կայացվել որոշումները։