News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ հյուրընկալություն համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից:

Հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը ձեւավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, եւ այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարեւորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա առանձնացրել է ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 24-ին Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՄԹ խորհրդարանում կազմակերպված հատուկ քննարկումները:

Գործընկերներն անդրադարձել են Հարավային Կովկասում ներկա իրավիճակին, մասնավորապես, զրույց է ծավալվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած բազում, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է այս ուղղությամբ միջազգային անվտանգության մանդատով օժտված Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավվածության եւ գործուն քայլեր ձեռնարկելու կարեւորությունը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: Նա հիշատակել է ՄԹ կառավարության կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով տուժածներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:

Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ խորհրդարանում նկատվող իրազեկվածության մակարդակի զգալի աճը՝ երախտագիտություն հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ՄԹ խորհրդարանի դիրքորոշման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ