
Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգումը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերության նախկին գործադիր տնօրեն Բերգումը գործնականում անհայտ է իր նահանգից դուրս և իր նախընտրական արշավը կսկսի շատ հետ մնացած այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը:
Բերգումը ներկայացրել է իր թեկնածությունը Դաշնային ընտրական հանձնաժողովի համար և Twitter-ում գրել, որ պաշտոնական հայտարարություն կանի չորեքշաբթի ավելի ուշ:
Իր քարոզարշավի մասին տեսանյութում Բերգումը պատմում է Հյուսիսային Դակոտայի գյուղական շրջաններում իր մանկության մասին և այն մասին, թե ինչպես է նա դարձել ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր, իսկ հետո նահանգապետ, ով նահանգում կրճատել է բյուրոկրատական ձգձգումները և հարկերը:
Ինչպես շատ այլ հանրապետական նահանգապետեր, Բերգումն օրենքներ է ստորագրել՝ արգելելու աբորտը և սահմանափակելու տրանսգենդերների իրավունքները:
Ի տարբերություն հանրապետական շատ նահանգապետերի, նա Հյուսիսային Դակոտային կոչ է արել մինչև տասնամյակի վերջ ածխածնային չեզոքության հասնել, չնայած նրա ռազմավարությունը ներառում է ածխածնի ներգրավման տեխնոլոգիայի բարելավում և հանածո վառելիքի օգտագործման սահմանափակումներ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին և նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել են Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։