
Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը (խորհրդարանի վերին պալատ) հավանություն է տվել օրենքի փոփոխությանը, որը թույլ է տալիս զենքի վերաարտահանումն այն երկրներ, որտեղ ռազմական հակամարտություններ կան։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Կողմ է քվեարկել 22 խորհրդարանական, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 4: Ընդ որում՝ պատգամավորները դեռ պետք է քվեարկեն։
«Շվեյցարական զինտեխնիկա գնող երկրներին պետք է թույլ տրվի որոշակի պայմաններում այն վերաարտահանել զինված հակամարտություններում ներգրավված երկրներ»,- ասվում է փաստաթղթում։
Հունիսի 2-ին հաղորդվել էր, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հրաժարվել է ընդունել համապատասխան ուղղումը։ Այժմ այն պետք է վերանայի հարցը։ Նախաձեռնությանը դեմ է քվեարկել Ազգային խորհրդի 98 պատգամավոր, կողմ՝ 75։
Մայիսի 13-ին Ազգային խորհրդի Անվտանգության քաղաքականության հանձնաժողովը և Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի հանձնաժողովը թույլատրել են զենքի արտահանումը և վերավաճառքը երրորդ երկրներ, ինչը թույլ կտա ապագայում ռազմական տեխնիկա և զենք փոխանցել Ուկրաինա։