News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Խոհարարական դիվանագիտության ծրագրի և ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակում Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը hունիսի 1-ից 6-ը Հայաստանում էր։ Դիվանագիտության ծրագիր նպատակն էր խթանել կայուն սննդային շղթան ու խոհարարական ձեռներեցությունը։ Այցի շրջանակում հանրահայտ շեֆ-խոհարարը հունիսի 2-ին հյուրընկալվել էր «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, ուսանողների հետ կիսվել իր փորձով և հմտություններով։

Հայաստանը որպես գաստրո ուղղություն և հայկական խոհանոցն ու մթերքները որպես յուրօրինակ փորձառություն  հետաքրքրել են հայտնի շեֆին, ինչն էլ Հայաստան այցի համար հիմնական շարժառիթներից մեկն է դարձել։

«Գիտեք, ինձ համար կարևոր է փոխանցել այն փորձը, որը ես ունեմ և այն գիտելիքները, որոնք ինձ տվել են իմ ուսուցիչները։ Հիմա ես այդ փորձով ցանկանում եմ կիսվել ամբողջ աշխարհում և դա է պատճառը, որ Հայաստան եմ եկել։ Այս խոհարարական ակադեմիան նոր է և ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչ և ինչպես են  այստեղ դասավանդում ու գործնականում կիրառում խոհարարությունը։ Առաջին անգամ եմ Հայաստանում և այստեղ գալու  համար մոտիվացիա են  եղել  նաև տեղացի մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը: Ինձ դուր են գալիս հայկական մթերքների թարմությունը, պարզությունը և, հատակապես շատ եմ հավանում՝ ինչպես են հայերը հաց թխում։ Շատ տպավորված եմ ձեր ուտեստներով, դրանք շատ համեղ են։ Կարծում եմ ժամանակն է՝ Նյու Յորքում հայկական խոհանոց ներկայացնող ռեստորան ունենալ»,- նշել է Ամանդա Ֆրայթագը։

Հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպում է ունեցել  ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, ծանոթացրել է Ակադեմիայի հնարավորություններին, լսարանային ու խոհանոցային պայմաններին և ուսումնական ծրագրերին։

Ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը՝ Դավիթ Երեմյանը նշել է, որ Ակադեմիան  ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել հայկական խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին։

« 2019 թվականին, երբ մենք ստեղծեցինք «Երեմյան ակադեմիան»  խոհարարական ոլորտում լուրջ բացեր կային, և մենք մեր առջև նպատակ դրեցինք խոհարարների նոր սերունդ կրթել, որոնց ստացած գիտելիքները կհամապատասխանեին միջազգային չափանիշներին։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու, հաշվի առնելով մի շարք գործոններ, ընտրեցինք բրիտանական մոդելը։ Մեր ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, Բրիտանական City of Oxford քոլեջի կողմից։ Ընդ որում, պետք է ասեմ, որ մեր շրջանավարտները ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում են մրցունակ։ Նրանք նաև անգլերեն են սովորում, ստացած գիտելիքները գործնականում կիրառում և բազմաթիվ վերապատրաստումների են մասնակցում»։

Դավիթ Երեմյանը նշել է, որ վերջին չորս տարում կրթական հաստատությունը 1500 շրջանավարտ է ունեցել։  Որոշ շրջանավարտներ այժմ աշխատում են նաև աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Շրջանավարտների 20 տոկոսն էլ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում է աշխատում։

Երեմյան ակադեմիայում սովորող Հայաստանի ապագա շեֆ-խոհարարների մասնակցությամբ Ամանդան նաև ամերիկյան հայտնի «Chopped» խոհարարական շոուի ձևաչափով  մրցույթ է անցկացրել: Հանրահայտ շոուի օրինակով Ամանդան մասնակիցներին տվել է առեղծվածային բաղադրիչներով սննդամթերքի զամբյուղներ, ապա հանձնարարել պատրաստել նախուտեստ, հիմնական ուտեստ ու աղանդեր՝ օգտագործելով զամբյուղի պարունակությունը։ Ամանդան շատ տպավորվել էր մասնակիցների ոգևորությամբ ու ստեղծագործ մոտեցումներով։

Ամանդա Ֆրայթագի հետ միասին թիմերի աշխատանքը գնահատել է «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը։ Մասնակիցները պարգևատրվել են  հավաստագրերով։

Աշխարհահռչակ շեֆի հետ հանդիպումը, շփումն ու նրա մասնագիտական խորհուրդները յուրօրինակ  փորձառություն էին Ակադեմիայի ուսանողների համար։ Մեծ էր վերջիններիս ոգևորությունը, և նրանք ջանք չեն խնայել ցուցադրելու իրենց բոլոր հմտություններն ու ստեղծագործական  ամբողջ ներուժը։

Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագի՝ Խոհարարական դիվանագիտության մեկշաբաթյա ծրագրով Հայաստան այցի շրջանակում իրականացվել են մի շարք խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ Հայաստանի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունն ու կանանց հզորացումը։

22993.jpg (249 KB)

DSC_3235.JPG (185 KB)

IMG_5688.JPG (79 KB)

SER_586.JPG (206 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ