
ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է ծառայությունների ազատ առեւտուր եւ ներդրումային գործունեություն: Այս մասին Սոչիում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
«Մենք ստորագրել ենք մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը։ Այդ փաստաթղթի նախագծի վրա աշխատանքներն իրականացվել են շուրջ 10 տարի»,-ասել է նա։
«Եվս մեկ ոչ պակաս կարեւոր համաձայնագիր, որն այսօր ստորագրվել է մեր կողմից, ռադիոացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրն է։ Համաձայնագիրը մշակվել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կառավարման խնդիրների արդյունավետ լուծման, արտակարգ իրավիճակներից բնակչության եւ տարածքների պաշտպանության, ռադիացիոն անվտանգության վիճակի մասին բնակչությանը ժամանակին տեղեկացնելու նպատակով»,-պարզաբանել է նա։
Բացի այդ, Սոչիում կայացած նիստի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են արդյունաբերական կոոպերացիային, մշակութային-հումանիտար ոլորտին: «Հաստատվել է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների սպարտակիադայի մասին դրույթը։ Սպարտակիադայի ամենամյա անցկացումը թույլ կտա ընդլայնել համագործակցության մասնակից պետությունների հնարավորությունները՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի միջոցով առողջության սահմանափակ հնարավորություններով երեխաների վերականգնման հարցում»,-հստակեցրել է նա։