
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը սպառնացել է ԱՄՆ-ին «լուրջ տնտեսական հետեւանքներով», քանի որ Միացյալ Նահանգները նախատեսել է պատժել Էր Ռիադին նավթի արդյունահանումը կրճատելու որոշման համար, գրել է Washington Post-ը՝ հղում կատարելով գաղտնի փաստաթղթերին։
Թերթը հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերին նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ Սաուդյան Արաբիային սպասվում են «որոշ հետեւանքներ» ՕՊԵԿ+-ի նավթարդյունահանումը կրճատելու որոշումը խթանելու համար՝ էներգակիրների բարձր գների եւ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ֆոնին։ Եվ չնայած հանրային տարածքում Էր Ռիադը իր գործողությունները պաշտպանում էր դիվանագիտական հայտարարությունների օգնությամբ, թագաժառանգը մասնավոր կարգով սպառնացել է արմատապես փոխել ամերիկա-սաուդյան հարաբերությունները եւ զգալի տնտեսական վնաս հասցնել ԱՄՆ-ին, եթե նա իսկապես նման միջոցներ ձեռնարկի։
Ամերիկյան հետախուզության ճեպագիրը, որում խոսվում է արքայազնի սպառնալիքների մասին, հայտնի է դարձել Discord պլատֆորմում տեղադրված գաղտնի նյութերի արտահոսքի պատճառով։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք արքայազնի խոսքերը փոխանցվել են հենց ամերիկացի պաշտոնյաներին, թե էլեկտրոնային գաղտնալսման հետեւանք են։
Պարբերականի աղբյուրը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ասել է, որ ոչինչ չգիտի Սաուդյան Արաբիայի այդ սպառնալիքների մասին։
«Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը հաճախ իրականության ակնթարթային արտացոլումն են լինում եւ ամբողջական պատկեր տալ չեն կարող»,- ասել է նա։
Թերթի զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է համագործակցությունն Էր Ռիադի հետ եւ նրան կարեւոր գործընկեր է համարում Մերձավոր Արեւելքում փոխադարձ շահերն առաջ մղելու հարցում։