News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ներկայացուցիչը կասկածի է ենթարկել Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ Չինաստանը գաղտնի գործարք է կնքել Կուբայի հետ կղզում ռադիոլէլեկտրոնային հետախուզության կենտրոնի ստեղծման մասին, որը մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա է գտնվելու Ֆլորիդայի ափերից։ Կուբայի կառավարությունը եւս հերքել է Wall Street Journal-ի հինգշաբթի հրապարակած տեղեկությունը։

Կուբայում նման կենտրոնի հնարավոր տեղակայումը Պեկինին թույլ կտար որսալ հաղորդակցություններն ԱՄՆ հարավ-արեւելքում, որտեղ գտնվում են ամերիկյան բազմաթիվ ռազմակայաններ, ինչպես նաեւ հետեւել նավերի տեղաշարժին, տեղեկացրել է թերթը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզական հանրույթում ունեցած անանուն աղբյուրներին, տեղեկացրել է Reuters-ը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կենտրոնատեղին գտնվում է Ֆլորիդայի արեւմուտքում, Թամպում։ Ամերիկյան ամենամեծ Ֆորտ Լիբերթի ռազմակայանը (նախկինում՝ Ֆորտ Բրեգ) գտնվում է Հյուսիսային Կարոլինայում, որը նույնպես կարող է հայտնվել Կուբայի տարածքից տեխնիկական միջոցների հասանելիության գոտում։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Չինաստանը Կուբայի հետ պայմանավորվել է հետախուզական կենտրոնի կառուցման մասին՝ «մի քանի միլիարդ դոլարի դիմաց»։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումը։ [Տեղեկությունը] կոռեկտ չէ»,- հինգշաբթի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Սակայն Քիրբին չի ճշտել, թե Wall Street Journal-ի հրապարակած հոդվածում ինչը կոռեկտ չի համարում։

Քիրբիի խոսքով՝ Միացյալ Նահանգները «իրական մտավախություններ» ունի Կուբայի հետ Չինաստանի հարաբերությունների առնչությամբ, եւ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է դրանց զարգացմանը։

Բրիգադի գեներալ  Փատրիկ Ռայդերը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ասել է. «Մենք տեղեկություն չունենք այն մասին, որ Չինաստանը եւ Կուբան կայանի նոր տեսակ են ստեղծում ինֆորմացիա որսալու համար»։

Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կասիոն հրապարակումը համարել է «լիովին սուտ եւ չհիմնավորված»՝ այն անվանելով «ԱՄՆ հորինածը», որը նպատակ ունի արդարացնել կղզու դեմ Վաշինգտոնի մտցրած բազմամյա տնտեսական էմբարգոն։ Նա ասել է, որ Կուբան հերքում է ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ