Տավուշի մարզի  Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի սողանքային գոտում, այս պահի դրությամբ, աշխատում է շուրջ 70 փրկարար` Տավուշի, Լոռիի մարզային եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից, Երեւանից մեկնած հատուկ փրկարար ջոկատից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի  ծառայությունից, պարբերաբար տեղացող անձրեւը եւ սողանքի դեռեւս ակտիվ վիճակը բարդացնում են որոնողափրկարարական աշխատանքները եւ հնարավորություն չեն տալիս գործի դնել ծանր տեխնիկան (ֆոտոռեպորտաժ):

Տեղում աշխատանքներն առայժմ իրականացվում են ձեռքի ուժով` բահերի եւ այլ գործիքների օգնությամբ:

Վաղ առավոտից դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով տեղում ղեկավարում է որոնողափրկարարական աշխատանքները:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Սողանքից տուժել է 36 ավտոմեքենա, անհայտ կորած է համարվում 7 մարդ: