
Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար կառույցների պատրաստումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության պատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք միջոցառումներ՝ կապված ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքեր տեղակայելու հետ։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում, ամեն ինչ կայուն է»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հավելել է, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։ «Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է, նույնիսկ կասեի լավ։ Մենք վստահ համագործակցում ենք այս ոլորտում»,- ասել է նա։
Ավարտելով հանդիպման բաց մասը՝ ՌԴ նախագահը դիմել է իր գործընկերոջը. «Միշտ խոսելու բան կա։ Հենց դա էլ մենք այսօր կանենք»: