
Իսլանդիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել օգոստոսի 1-ից դադարեցնել Մոսկվայում իր դեսպանատան աշխատանքը, ասվում է ուրբաթ օրն Իսլանդիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Սա հեշտ որոշում չէ, քանի որ Իսլանդիան կարևոր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ժողովրդի հետ 1944 թվականի անկախությունից ի վեր: Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակը պարզապես աննպատակահարմար է դարձնում փոքր իսլանդական արտաքին ծառայության կողմից Ռուսաստանում դեսպանատան աշխատանքը պահպանելը», - ասվում է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Գիլֆադոտտիրի հայտարարության մեջ:
Իսլանդիան նաև մտադիր է նվազեցնել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, և Իսլանդիայի իշխանությունները Ռուսաստանին խնդրել են նվազեցնել Ռեյկյավիկում իր դեսպանատան աշխատանքի մասշտաբները։