News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզում` հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած սողանքի վայրում, անհայտ կորած համարվող Երեւանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանի եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյանի հարազատները չգիտեն էլ ում դիմեն, որ գտնեն իրենց ազգականներին: Երկու եղբայրների ընտանիքին այսօր այցելեց NEWS.am-ի թղթակիցը: Սորսումատյաններ եղբայրների քույրը` Դուխիկը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները Վրաստանից էին վերադառնում եւ երեկոյան զանգել են եւ ասել, որ մի քիչ կուշանան, խցանում է եւ անհասանելի կլինեն: Դրանից հետո ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի, լսել են տեղի ունեցած սողանքի մասին, դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն արդեն չորրորդ օրն է` ոչ մի նորություն չկա:

Նշենք, որ Արմենը ունի 3 անչափահաս երեխա` մեկ աղջիկ եւ երկու տղա: Մեխակը 7 երեխա ունի` 5 տղա եւ երկու աղջիկ, նրանցից երկուսն են չափահաս: «10 երեխա մի ընտանիքում, 4-րդ օրն է, ոչ մի բան չենք տեսել, ոչ մի օգնություն չենք տեսել: Խնդրում եմ օգնեք` այս 10 երեխան Հայաստանի որբերի ցուցակում չլցվի, առանց այդ էլ մենք քիչ որբեր չունենք»,- ասաց քույրը: Արմենի եւ Մեխակի կանայք եւս վատ վիճակում են, մեր այցելության ժամանակ մեկին ներարկում էին արել, որ քնի, մյուսին էլ «նաշադիրով մի կերպ պահում են»:

Ընտանիքն ապրում է շատ վատ սոցիալական պայմաններում, մի փոքրիկ տանն  ապրում են երեք եղբայրներ` իրենց ընտանիքներով: 9 քառակուսի մետրի վրա` երկհարկանի անկողիններում, 10 երեխա է քնում` տարբեր տարիքի եւ սեռի: Հարազատները ոչ մի օգնություն չեն ստացել պետությունից, քրոջ խոսքով` «2 լիտր բենզին էլ չեն տվել, որ լցնեն մեքենաները ու գնան այնտեղ»: Նրանք միայն  խնդրում են թույլ տալ իրենց` օգնելու հողը փորել:

Բարեկամները դիմել են Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի թույլ տան «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» որոշի, թե որ տարածքում են եղբայրների հեռախոսները: Այսօր վերջապես ստացել են այդ թույլտվությունը, բայց մեծ հույսեր չեն էլ կապում: «Երրորդ եղբայրս արդեն որերորդն օրն է, այնտեղ է, ո՞նց կգա, երկու եղբայրը հողի տակ են»,- ասաց Դուխիկը: Ի դեպ, հեռախոսով խոսեցինք նրանց երրորդ եղբոր`Ավոյի հետ, ով գտնվում է սողանքի վայրում: Նա նշեց, որ վաղը կոնկրետ կզբաղվեն անհայտ կորած մարդկանց որոնումներով, մինչ այժմ տեխնիկան մտցնում են, որ մեքենաները հանեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այդ մեքենաներից ուղղաթիռով դուրս է բերվել ընդամենը 14-ը, մնացածը հողածածկույթի տակ են:

Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչներ 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ