
Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը, որոնց ընթացքում վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։
Նախ կայացել է երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Կարեւորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձ կատարել տարբեր ոլորտներում համագործակցության հետեւողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ: