News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Ազգային մամուլի օրը ադրբեջանցի լրագրողների եւ ակտիվիստների մի մեծ խումբ դիմել է Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին, որպեսզի իր անհանգստությունը հայտնի մեդիայի մասին նոր օրենքի կիրառման բացասական հետեւանքների առիթով, օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. փետրվարին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

«Դեռեւս մինչեւ օրենքի ընդունումը տեղի փորձագետների արտահայտած դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների (որը պաշտպանում է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը) հետ դրա անհամատեղելիության մասին հաստատվել է 2022թ. հունիսին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացությունում։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, եւ նման օրենքի կիրառումը Եվրոպայի խորհուրդ մտնող որեւէ երկրում անթույլատրելի է»,- նշել են դիմումի հեղինակները։

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր բանաձեւում, որն ընդունվել է 2022թ. դեկտեմբերին, պահանջել է անհապաղ փոփոխություններ մտցնել օրենքում։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք արտահայտվել են խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությանն սպառնացող օրենքի ռեակցիոն բովանդակության առումով, ուշադրության չեն առնվել։ Օրենքի կիրառումը լրագրությունը գործնականում դարձնում է գործունեության լիցենզավորվող տեսակ։ Այդպես ստեղծվում է ԶԼՄ-ների եւ լրագրողների միասնական պետական ռեեստր, թողարկվում են միասնական լրագրողական վկայականներ եւ միայն այդ պահանջներին համապատասխան է լեգալ ճանաչվում լրագրողական գործունեությունը։ Դա բացասաբար է անդրադառնում  անկախ ԶԼՄ-ների գործունեության եւ ազատ լրագրության վրա»,- նշվել է դիմումում։

Նման կանոնների իրականացումը Ադրբեջանին չի մոտեցնում եվրոպական ընտանիքին, որտեղ գերակշռում են հիմնական ազատությունները եւ իրավունքները, եւ նրան վերածում է երկրի, որտեղ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության փուխր մնացորդները գտնվում են սպառնալիքի տակ, ընդգծվել է դիմումի մեջ։

Հեղինակներն ափսոսանքով փաստում են Եվրոպայի խորհրդի անգործությունը անդամ երկրներում ազատությունների սահմանափակման փաստերի առումով։

«Դա ադրբեջանական հասարակությունում եւ ԶԼՄ-ներում ստեղծում է անվստահության մթնոլորտ այնպիսի ինստիտուտի գործունեության հանդեպ, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է։

Ադրբեջանը 180 երկրների շարքում 154-րդն է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության ԶԼՄ-ների ազատության վարկանիշով։ Այդ օրենքի ընդունումը եւ իրականացումն էլ ավելի կբարդացնի մեդիա-միջավայրն Ադրբեջանում եւ այն լուրջ խնդրի կվերածի լրագրողների համար։ Չնայած դրան՝ խոսքի ազատության եւ ինքնարտահայտման ճնշումն Ադրբեջանում շարունակել է ավելանալ, իսկ լրագրողները դեռեւս գտնվում են բանտերում»,- այնուհետեւ նշվել է դիմումի մեջ։

«Մենք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, որ ստորագրել ենք այս դիմումը, կոչ ենք անում հիշեցնել Ադրբեջանի կառավարությանը Եվրոպայի խորհրդի անդամի իր պարտավորությունների մասին, պահանջել նրանից փոխել մեդիայի մասին օրենքը՝ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությանը հասցվելիք անբուժելի վերքերից խուսափելու համար, եւ օրակարգում դնել Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի մասնակցությունը սառեցնելը՝ մինչեւ այս խնդիրների լուծումը»,- նշվել է դիմումում, որը հասցեագրվել է ԵԽԽՎ-ին, նրա մոնիթորինգային կոմիտեին եւ Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողներին, ԵՄ Մարդու իրավունքների հանձնակատարին։  

Դիմումը ստորագրել են ավելի քան 60 լրագրողներ, մեդիա փորձագետներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ