Օգոստոսի 14-ին կլրանա 16 անձի մահվան և մեկի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին: Գործի նախաքննությունը մոտենում է ավարտին, սակայն զոհերի հարազատները դժգոհ են գործի ընթացքից:
NEWS.am-ի հետ զրույցում հրդեհից զոհված 72-ամյա Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Համբարձում Հայրապետյանն ասում է՝ դեպքի իրական մեղավորները չեն պատժվել, փոխարենը կալանքի տակ են անձինք, որոնք ուղղակի ենթականեր են եղել:
«Ոչ մի արդյունք չունենք: Գործով ունենք 5 մեղադրյալ: Այն ինչ տուժողի իրավահաջորդներն են ուզում, պարզաբանված չէ: Կան մարդիկ, որոնք իրականում պատասախանատվություն չեն կրում: Իրականում առևտրի կենտրոնում վառոդ ներմուծող է եղել, հենց պահեստավորված վիճակում է եղել, սակայն այդ անձը որևէ կարգավիճակ չունի: Նախկինում եղել է արձանագրություն, որ այդտեղ վառոդ, որը պետք է անհապաղ հեռացվի առևտրի կենտրոնից: Նույնիսկ ինչ-որ գումարներ տուգանվել են: Տվել են 1 շաբաթ ժամանակ, որպեսզի այդ վառոդն այդտեղից հեռացվի, 10 օր անց տեղի է ունեցել այդ պայթյունը: Ստացվում է, որ չի եղել որևէ վերահսկողություն: Մենք պահանջում ենք, որպեսզի գտնեն մեղավորներին և պատասխանատվության ենթարկեն: Մեզ պետք է բուն պատճառը, թե ինչն է եղել, որից հետո պայթյուն է եղել. դա սալյուտի պայթյուն չէր: Մենք հասկանում ենք, որ փորձում են գործը կոծկել»,- ասում է Արտավազդ Հայրապետյանի որդին:
Տուժողների իրավահաջորդները իրենց ունեցած տեղեկատվությունը փոխանցել են Ազգային անվտանգության ծառայության քննիչին: Համբարձում Հայրապետյանն ասում է, որ վառոդի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ, բայց որևէ տեղաշարժ չկա:
«ԱԱԾ-ն 49 հատուր նյութ է տվել, ամեն հատորն էլ 300 էջ, ու 1 շաբաթ ժամանակ է տվել, որ փաստաբանը ծանոթանա: Եթե քննչական խումբը 2 ամսում է գործին ծանոթացել, ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը մեկ շաբաթում ծանոթանալ: Մեկ տարին հեսա կլարանա, իսկ ԱԱԾ-ն քնած է: Եթե հարկ եղավ, կհասնենք մինչև Եվրոպական դատարան: Ոչ մեկ իր գործով չի զբաղվում: Ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, դրա համար էլ երկիրը բարդակ է:
Եթե նրանք փորձում են գործը կոծկել, ապա մենք կփորձենք ուրիշ ձև այդ ամենը լուծել: Ո՞նց կարող է մարդը առավոտյան գործի գնա, ու վերջ, 3 օր փնտրելուց հետո նոր գտնենք: Քանի տարի էր Սուրմալուն վերածվել անտերանոցի: 25 տարուց ավելի է մարդիկ այդտեղ աշխատում էին, բա այդքան գումար են վճարել, բա չե՞ք մտածում այդ մարդկանց անվտանգության մասին»,- ասում է Համբարձում Հայրապետյանը:
Հրդեհից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հայրը՝ Վահագ Եղոյանն ասում է՝ իր որդին և Արտավազդ Հայրապետյանը միասին նույն տաղավարում էին աշխատում:
«Որդիս վերջինն էր, որ զոհվեց: Ինքը վերջում զանգել ու ասել է՝ փրկություն չկա, տնեցիքին կասեք, որ ես իրենց շատ եմ սիրում»,- պատմում է հայրը:
Վաչագանի հայրը նույնպես դժգոհ է քննության ընթացքից, ասում է՝ 1 տարի է անցել, սակայն էական տեղաշարժ չեն տեսնում.
«Մինչև այսօր քննություն է գնում: Այն մարդիկ, որոնք կանգնած են այս գործի հետևը, նրանց մասին չի գնում ընդհանրապես խոսակցություն: Մեր ղեկավարի տղային զոհված զինվորի տղան մի թեթև բշտեց, սարքեցին հայոց հարց, 16 հոգու գլուխ կերան, ծածկադմփոց են անում»:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ զոհվել է, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է մեկ անձ:
Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել է ԱԱԾ-ին: