News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց ծնողներից մեկը:

Անհետ կորած զինծառայողի ծնողն ասաց, որ որեւէ արդյունք չկա իրենց որդիներին վերադարձնելու գործընթացում:

«Աբազյանն ասում է՝ սպասեք սեպտեմբեր մինչեւ, մենք էլ չգիտենք, թե այդ ժամանակ ի՞նչ պետք է լինի: Նախ նա մեկ օր առաջ ասում էր՝ կհանդիպենք, հետո մեզ հետ մոտ 2 ժամ հանդիպել է Սանամյանի տեղակալ՝ Խաչատրյան Աշոտը։ Այնքան ձգձվեց խոսակցությունը, որ ծնողներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք, մենք էլ ասացինք՝ եթե Աբազյանը չի ընդունելու, ապա լրագրողներին ենք կանչելու, արագ հանդիպում կազմակերպեցին նրա հետ:

Աբազյանը բերանը ջուր է առել, ասում է՝ դե ժողովուրդ ջան պիտի սպասեք: Կրկին փափուկ բարձ դրեցին մարդկանց գլխի տակ»,- պատմեց ծնողը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությանը. «Ասացին՝ կա 80 թե 90 հոգանոցի ԴՆԹ, որոնց ԴՆԹ-ները չեն վերցրել, ես էլ ասացի՝ ինչպե՞ս կարող են վերցնել, եթե մենք ապացույցներ ունենք, որ մեր որդիները չեն: Ես ասացի՝ կարո՞ղ է մեկն ապացուցի, որ նա իմ որդին է»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:

Նշենք, որ օրեր առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի մոտ, այնուհետեւ ԱԺ-ում, պահանջելով հանդիպումները պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

Տպել
Ամենաշատ