
Պետք չէ կարծել, որ Երեւանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը ընթանալու է Հայկ Մարությանի եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այն զարգանալու է բոլոր ուժերի միջեւ, որոնք ինչ-որ չափով քաղաքական կշիռ ունեն։ Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, սակայն, կարող է լինել նաեւ այնպես, որ նոր ուժերն այնպիսի գրագետ քարոզարշավ անցկացնեն, որ իր կողմ բազմաթիվ ընտրողների գրավեն։ Իսկ առաջին հայացքից լայն հնարավորություններ ունեցող ուժը վատ քարոզարշավ անի։
«Օրեր առաջ ընտրությունները կարող էին ոչ ինտրիգային թվալ, որովհետեւ երեւում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիրը» ուժերը, այժմ ավելացել է նաեւ «Մայր Հայաստան» շարժումը, որն ընտրազանգվածային հենարան ունի եւ Հայկ Մարությանը, որն ինչ-որ չափով վարկանիշ ունի։ «Հանրապետություն» կուսակցությունն էլ կարող է որոշակի ակնկալքներ ունենալ, եթե լավ քարոզարշավ իրականացնի։ Այսպես ինտրիգը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ ՔՊ-ն կարո՞ղ է միայնական գերազանցել մյուս ուժերին, թե իշխանություն կձեւավորի կոալիցիայի միջոցով։ Գուցե մյուս ուժերը ստանան մեծամասնություն եւ առանց ՔՊ-ի ձեւավորեն իշխանությունը, բայց սա քիչ հավանական տարբերակ է»,- ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՔՊ-ն, որպես իշխող ուժ, ունի առավելություն ունի վարչական, մեդիա եւ ֆինանսական ռեսուրսների տեսքով։ Բացի այդ կա մի հստակ ընտրազանգված, որը միշտ իշխանության օգտին է քվերակում։ Սակայն քաղաքտեխնոլոգը չի նկատում, որ կուսակցությունը լծված է Տիգրան Ավինյանի բազմակողմանի քարոզարշավին, իսկ որպես փոխքաղաքապետ միջոցառումներին երեւալը բավարար չէ։
«Կարող է երեւալ հինգ անգամ, բայց շատ ազդեցիկ կերպով, եւ կարող է երեւալ հարյուր հիսուն անգամ, բայց ոչինչ չասող դեմքով։ Իհարկե, դե յուրե սա քաղաքական ուժերի պայքար է, բայց, միեւնույն է, մարդիկ ընտրում են անհատների, եւ ես այստեղ չեմ տեսնում Ավինյանի ներկայացման գործընթացը, ինչը կոպիտ սխալ է։ Իր դեմքը չի երեում։ Միգուցե իրենք ուզում են հիմնական պայքարը դնել ընդհանուր ՔՊ-ի վրա կամ էլ միտումնավոր թույլ չեն տալիս, որ Ավինյանը երեւա, որ թեկուզ Երեւանի տարածքում, սակայն այլընտրանք լինի վարչապետի համար։ Ճիշտ է, համայնքային ընտրություն է, բայց Երեւանն ամենամեծն է եւ ազդեցիկը։ Քաղաքապետը կարող է վարչապետի հետ հավասար լեգիտիմություն ունել։ Հավանաբար, թույլ չեն տալիս այդ դերը ստանձնել եւ առանձին իմիջ ստեղծել»,- նկատեց Բադալյանը։
Բադալյանի խոսքով՝ հնարավոր չէ ասել տեսակետը, ըստ որի Մարությանն իրականում ՔՊ-ի ստեղծած արհեստական մրցակից է Տիգրան Ավինյանի համար, ճիշտ է, թե՝ սխալ։
«Ամեն դեպքում ամբողջ աշխարհում ընդունված է, որ իշխող ուժը արհեստական թեկնածուներ է ստեղծում, որ որոշակի ընտրազանգվածի գրավի։ Գուցե ճիշտ է այդ տեսակետը, գուցե՝ սխալ։ Ամեն դեպքում Մարությանը ներկայացրեց իր մոտիվները, ընդունում ենք դա»,- նշեց նա։
Բադալյանի կարծիքով՝ ընտրությունների ելքի մասին կանխատեսում հնարավոր կլինի անել սեպտեմբերի 5-ից հետո, երբ քարոզարշավի կեսն անցյալում կլինի։
«Մոտավոր սեպտեմբերի 5-ից հնարավոր կլինի նախնական տպավորություններ առաջ քաշել, բայց եթե Արցախի հետ կապված արտակարգ իրավիճակ չստեղծվի, որովհետեւ դեպքում ընտրարշավի էությունը կարող է փոխվել»,- ասաց Արմեն Բադալյանը։