News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը և իրավական եզրակացություն ներկայացնել դրա վերաբերյալ: Լուիս Մորենո Օքամփոն ընդգծել է, որ հետազոտության ու վերլուծության արդյունքները շատ հստակ են՝ Ադրբեջանի կողմից այժմ Արցախում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը:

Օքամփոյի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ հիմնական շեշտադրումները ներկայացվում են ստորև.

«Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, ընթանում է ցեղասպանություն 120,000 հայերի նկատմամբ:

Ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ապրող 120,000 հայերի սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը, պետք է համարել Ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի՝ «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Չկան դիակիզարաններ և դանակներով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անմիջական կտրուկ փոփոխության, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի։

Սովը որպես մարդկանց ոչնչացնելու միջոց, անտեսվել է ողջ միջազգային հանրության կողմից, երբ այն կիրառվել է հայերի դեմ 1915-ին, հրեաների և լեհերի դեմ՝ 1939-ին, ռուսների դեմ՝ Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1941-ին, կամբոջացիների դեմ՝ 1975-1976-ին։ Սովամահությունը անտեսվել է նաև Սրեբրենիցայում՝ 1993-94 թվականների ձմռանը:

Վերլուծելով Սրեբրենիցայի գործը՝ Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ «սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը» հանդիսանում է Ցեղասպանություն՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի համաձայն։

Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները ստանձնել են Ցեղասպանությունը կանխելու և պատժելու պարտավորությունը։ Նրանք չպետք է «սպասեն, մինչև սկսվի Ցեղասպանության իրագործումը», - վճռել է Արդարադատության միջազգային դատարանը, - «Պարտավորության ամբողջ իմաստը՝ կանխել կամ փորձել կանխել արարքի կատարումը»:

Այս զեկույցը վերլուծում է.

1) Լեռնային Ղարաբաղում շարունակվող ցեղասպանության առկայությունը.

2) Ինչպե՞ս հետաքննել ցեղասպանության մեղավորներին.

3) Ինչպե՞ս կանխել ցեղասպանության իրականացումը:

Ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում 2023թ.

Ողջամիտ հիմք կա հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Դատարանը կենտրոնացել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների համար պետության պատասխանատվության վրա, այլ ոչ թե Ցեղասպանության կատարման համար անհատական քրեական պատասխանատվության վրա:

Թեև հիմնված պետության տարբեր պարտավորությունների վրա, Դատարանը հաստատեց  ցեղասպանության էական տարրերի առկայությունը, որոնք ամրագրված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետում. «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Դատարանի նախնական եզրակացությունները «հավանական» են համարել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը «իրական և անմիջական վտանգ» է ստեղծել էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի» «առողջության և կյանքի» համար։

Մտադրությունը, Ցեղասպանության հանցագործության սուբյեկտիվ տարրը, պետք է բխի փաստերից և Ադրբեջանում բարձրագույն իշխանություն ունեցող նախագահ Ալիևի հայտարարություններից։

Նախագահ Ալիևը, արդար դատավարության պայմաններում, հնարավորություն կունենար տարբեր կերպ մեկնաբանել փաստերը։ Միևնույն ժամանակ, ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար, պատրաստակամությամբ և կամավոր կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄԴ միջանկյալ հրամանների միջոցով ծանուցվել է իր գործողությունների հետևանքների մասին:

Փաստերը հետևյալն են՝

ա. նախագահ Ալիևը  միտումնավոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,

բ. նա բացահայտորեն չի ենթարկվել «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու» Արդարադատության միջազգային դատարանի հատուկ հրամանին,

գ. ԱՄԴ հրամանը ծանուցել է նրան  հայերի խմբի «առողջության և կյանքի» համար «իրական և անմիջական վտանգի» մասին։

Նախագահ Ալիևի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ շրջափակումը Լաչինի միջանցքով մարդկանց կողմից մաքսանենգ հանքանյութերի և հեռախոսների տեղափոխման հետևանք է, ընդամենը շեղող հնարք է։

Մաքսանենգության գործողությունները պետք է պատշաճ կերպով հետաքննվեն, սակայն դրանք արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրամանին չենթարկվելու կամ Ցեղասպանություն կատարելու հիմնավորում չեն հանդիսանում:

Կարո՞ղ է արդյոք Միջազգային քրեական դատարանը հետաքննություն իրականացնել նախագահ Ալիևի նկատմամբ:

Ցեղասպանության մասին կոնվենցիայի IV հոդվածը սահմանում է, որ «Ցեղասպանություն իրականացնող անձինք պետք է պատժվեն», նույնիսկ եթե «նրանք սահմանադրորեն պատասխանատու կառավարիչներ են»: Բայց չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել նախագահ Ալիևի կողմից ենթադրաբար իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

Նախագահ Ալիևը չի կարող հետաքննվել որևէ օտարերկրյա պետական իշխանությունների կողմից, քանի որ նա անձեռնմխելիություն է վայելում որպես պետության ղեկավար:

Միջազգային քրեական դատարանը տրամադրում է իրավազորություն, երբ այդպիսի անձեռնմխելիություն չի կիրառվում: Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հանցագործությունների կատարման համար ՄՔԴ-ի հետաքննություն սկսելու երեք եղանակ կա.

1) Ադրբեջանը դառնում է անդամ պետություն (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 1-ին կետ).

2) Ադրբեջանն ընդունում է Դատարանի իրավազորությունն իր տարածքում (Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետ).

3) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից հետո Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակը փոխանցում է ՄՔԴ-ին (Հռոմի կանոնադրության 13-րդ հոդված):

Բայց Ադրբեջանը Հռոմի կանոնադրության անդամ պետություն չէ (հոդված 12(1)), չի ընդունում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը (հոդված 12(3)): Հետևաբար, պահանջվում են պետությունների անհապաղ գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որով Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի  քննարկումը կտեղափոխվի Միջազգային քրեական դատարան:

Նման նախադեպեր կան: 2005 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1395 բանաձևը, համաձայն որի՝ Դարֆուր – Սուդան հարցը փոխանցվեց ՄՔԴ: Հինգ տարի անց նախագահ Ալ Բաշիրին մեղադրեցին ցեղասպանության համար։

2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբիայում տիրող իրավիճակը հանձնեց դատարան։ 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն Մուամար Քադաֆիին ձերբակալելու հրաման է տվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՄՔԴ-ին իրավազորություն տրամադրելու համար պետք է իրագործելի լինի: Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են կանխել և պատժել ցեղասպանությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս 15 անդամներից 14-ը նույնպես հանդիսանում են այդ Կոնվենցիայի կողմեր՝ ապահովելով ճնշող մեծամասնությունը:

Ֆրանսիան դեռ 2013 թ.-ին առաջարկել էր, որ Խորհրդի հինգ մշտական անդամները կամավոր և հավաքականորեն դադարեցնեն վետոյի կիրառումը Ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեպքում։

Ինչպե՞ս կանխել հայկական խմբի վերջնական ոչնչացումը

Նախագահ Ալիևը, ինչպես նաև միջազգային հանրությունը, հազվագյուտ հնարավորություն ունեն կանխելու հետագա զոհերը և խմբի «ֆիզիկական ոչնչացումը» այս Ցեղասպանության միջոցով: Ժամանակին կանխարգելումը պահանջում է հրատապ քաղաքական որոշումների ընդունում՝

ա. դադարեցնել շրջափակումը և մեկ-երկու շաբաթվա ընթացքում վերականգնել Լեռնային Ղարաբաղին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը,

բ. ապահովել վիճելի տարածքային պահանջների ինստիտուցիոնալ լուծումներ: Այն պետք է ընդունվի մինչև 2025 թվականի մայիսը, քանի որ այդ պահին Ադրբեջանը կարող է խնդրել դադարեցնել ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը։

Միջազգային մակարդակում չկան կենտրոնական մարմիններ, որոնք կընդունեն նման հրատապ միջոցներ: Արդարադատության միջազգային դատարանի հատուկ վճիռը Ցեղասպանության, ընտրովի պատժամիջոցների և այլ դասական դիվանագիտական գործիքների վերաբերյալ բավականաչափ արագ և ուժեղ չի լինի:

Կարճաժամկետ հեռանկարում, որը վճռորոշ է սովի միջոցով շարունակվող Ցեղասպանությունը կասեցնելու համար, կանխարգելման պարտավորությունը կսահմանվի բացառապես հակամարտությունում ներգրավված պետությունների շահերով։

1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվեց «Ցեղասպանություն» անվանել այն, ինչ կատարվում էր Ռուանդայում։ Բանավեճի ընթացքում Չեխիայի դեսպանը առաջարկեց չկենտրոնանալ նոր զինադադար կնքելուն ուղղված բանակցությունների վրա, ինչը նույնն է, որ եթե հրեաներին խնդրեին  զինադադար կնքել Հիտլերի հետ:

«Խնդիր դժոխքից» աշխատության մեջ Սամանթա Փաուերը բացատրում է այլ երկրներում կատարվող ցեղասպանությունների մեջ ազգային առաջնորդների շահերը փոխակերպելու գործում քաղաքացու վճռորոշ դերը: Սփյուռքի հայության ձայնը կարող է նվազեցնել միջազգային իրավական ճարտարապետության ձախողման աստիճանը: Նրանք պետք է համախմբվեն ամբողջ աշխարհում՝ հասնելու ազգային առաջնորդներին և խթանելու պրագմատիկ լուծումներ:

Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, ԱՄՆ-ը, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ բանակցություններին, Եվրամիության բոլոր անդամները հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակիցներ: Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու Ցեղասպանությունը։ Ուկրաինական հակամարտության պատճառով նրանց ինտենսիվ դիմակայությունը չպետք է հայերին վերածի կողմնակի զոհերի։

Հնարավո՞ր է, արդյոք, աջակցել Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին՝ հասնելու միասնական դիրքորոշման՝ շարունակվող Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու գործում։ Եթե համաձայնեն, մեկ օրվա ընթացքում սնունդը կհասնի հայերին։

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտությունը միջազգային հանրության համար հնարավորություն է՝ մշակելու նորարարական և ներդաշնակ լուծում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։ Հռոմի ստատուտի 16-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետաքննությունը կարող է ի վերջո դադարեցվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ վերջնական և արդար լուծում գտնելու համար»:

Նախագահ Ալիևը հարցնում է. «Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ պետք է հանդուրժենք անջատողականությունը»։ Հարցի մեջ ներառված ինքնիշխանության բարդ հարցերի պարզ պատասխանն այն է, որ Իսպանիան ցեղասպանություն չի իրականացնում անջատողական ջանքերը վերահսկելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ