
Իսրայելում գործող Հայկական մշակույթի եւ կրթության «Նոյան տապան» կենտրոնի անունից պաշտոնական ուղերձ է հղվել Իսրայելի իշխանություններին։
«Կոչ ենք անում Իսրայելին ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա եւ դադարեցնել հայերի էթնիկ բնաջնջման փորձը։
2022 թվականից Արցախի հայ բնակչությունը շրջափակման մեջ է, չկան սննդամթերքներ, չկա դեղորայք, եւ չկա վառելիք...
Եթե Իսրայել պետությունը չազդի Ադրբեջանի վրա, ապա այդ մարդկանց արյունը կլինի նաեւ ձեր երկրի խղճի վրա։
Այդ ժողովուրդը, որն այժմ գտնվում է քաղցի եւ դանդաղ մահվան փուլում, աշխարհին տվել է 24 արդարակյաց մարդկանց, որոնք փրկել են հրեաներին, վտանգելով իրենց կյանքը Հոլոքոստի ժամանակ, քանի որ իրենք անցել էին Ցեղասպանության սարսափների միջով (այն նույն ցեղասպանության, որը մինչեւ այժմ չի ճանաչվել Իսրայել պետության կողմից)։
Եթե կյանքի սրբությունը եւ առաքինությունը մեր երկրի համար դատարկ խոսքեր չեն դարձել, ապա Իսրայելը պարտավոր է միջամտել եւ փրկել այդ անմեղ մարդկանց կյանքը»,- նշվել է ուղերձում։