Հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք տեղի կունենան շուտով, վաղուց էին պլանավորված և պարզապես համընկան տարածաշրջանում լարվածության շրջանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
«Կարճաժամկետ հեռանկարում այս զորավարժությունները կարող են զսպող գործոն դառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար։ Սակայն, միևնույն ժամանակ, դրանք կարող են մեծացնել լարվածությունը Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի հարաբերություններում»,- նշել է նա։
Նրա կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կարող է նպաստել նրան, որ ռուսներն ու ադրբեջանցիները Արցախի հարցում առանձին պայմանավորվածություններով կարող են սակարկել հայկական շահերի դեմ։
«Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա տարածաշրջանում Իսրայելի և Արևմուտքի ներկայությունը սկզբունքորեն անընդունելի է։ Ուստի, պետք է հավասարակշռություն պահպանել: Ամենակարևորը պատերազմի և Արցախի դեմ, Արցախում պետական կառույցների դեմ Ադրբեջանի գործողությունների կանխումն է։ Բաքուն փորձում է քաոս ստեղծել Արցախում և դրանով իսկ լեգիտիմացնել ռազմական ներխուժումն Արցախ»,- ընդգծել է Պետրոսյանը։