News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա, ո՛չ թե հետո, այս հարցում ձգձգում չպետք է լինի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ անդրադառնալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակին։

Հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը պետքարտուղարության ներկայացուցչին ուղղված հարցում ընդգծեց, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ սահմանին և հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարելի է նման իրավիճակում լուծման գտնելու ցանկության մասին Ալիևի արած հայտարարությունները լուրջ ընդունել։

«Մտավախություն ունեմ, որ մենք այդքան հրատապ չենք համարում կատարվողը, և կառավարությունը միասնական մոտեցում չի դրսևորում Ալիևին ճնշելու համար։ Ի՞նչ է Պետքարտուղարությունն անում Լեռնային Ղարաբաղի բնակիչների և Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը կանխելու համար։ Արդյո՞ք Ալիևին ասել եք, որ զերծ մնա նման քայլից, սպառնացե՞լ եք նրան պատժամիջոցներով, Սպիտակ տունն ու Անվտանգության խորհուրդն արե՞լ են դա, Պենտագոնն ադրբեջանցի զինվորականներին հորդորե՞լ է զերծ մնալ այդ քայլից»,- հետաքրքրվեց Մենենդեսը։

Քիմը, ի պատասխան, շեշտեց, որ  նախորդ շաբաթներին պետքարտուղարությունը բազմաթիվ հեռախոսազրույցներ, հանդիպումներ ու այցեր է նախաձեռնել՝ կողմերին հղելու հետևյալ պարզ ուղերձները․

«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա, ո՛չ թե հետո, ձգձգում չպե՛տք է լինի։ Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն ու հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, սա շատ հստակ է։ Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտված չէ, ինչը հրատապություն է հաղորդում տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն ամիսներ առաջ հյուրընկալել էր երկու երկրների արտգործնախարարներին Վաշինգտոնում, պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի տեղ հասցվեն այս ուղերձները։ Կարծում եմ՝ սկսում ենք որոշակի տեղաշարժ նկատել, բայց մենք չեն պատրաստվում դադարեցնել մեր ջանքերը»,- հայտարարել է Քիմը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի դադարեցնի ջանքերը, մինչև իսկապես իրական արդյունքներ չտեսնի։

Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է օրեր առաջ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար բեռի մուտքին Արցախ և նշել, որ հաջողվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձնել առաջին բեռնատարի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Շեշտեմ, որ այո՝ դա ռուսական բեռնատար է եղել, բայց երբ հիմա այս ուղղությամբ երթևեկություն կա, Լաչինի միջանցքով երթևեկությունը, ըստ առկա պայմանավորվածության, պետք է վերականգնվի։ Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։ Սա քննարկման ենթակա չէ»,- շեշտել է Քիմը։

Ի պատասխան՝ Մենենդեզը հույս հատնեց, որ Միացյալ Նահանգների աչքի առջև Ադրբեջանը էթնիկ զտում չի կատարի Լեռնային Ղարաբաղում։

«Հույս ունեմ՝ իմ անունից կփոխանցեք պետքարտուղարին, որ ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է այս վարչակազմը թույլ տալիս, որ իրենց աչքի առաջ էթնիկ զտում տեղի ունենա։ Ես նախորդ լսումների ժամանակ բարձրացրել եմ այս հարցը, դա ամիսներ առաջ էր, ես ասացի, որ մարդիկ են մահանում, և պատասխան ստացա, թե վստահ չեք դրանում։ Ես չգիտեմ, թե դեռ քանիսը կմահանան։ Ես ակնկալում եմ, որ այս անգամ էլ չեք շրջանցելու 907-րդ բանաձևը: Դրանով մենք միայն քաջալերում ենք Ալիևին, ուղերձում հղում, որ ամեն ինչ նորմալ է, իսկ դա սխալ ուղերձ է»,- հայտարարեց սենատորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ