Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ–ը վերահաստատել է այն որոշումը, որը կայացրել էր կառավարության խնդրանքի հիման վրա։ Այդ դիմումի արդյունքում դատարանը որոշել էր, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է, քանի որ մահ է արձանագրվել, կորուստն էլ անդառնալի է:
Սահակյանն ասաց, որ ընտանիքի հետ քննարկելուց հետո հիմնական գանգատ են նախապատրաստելու։ Պատրաստվում են հիմնավորել ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումը` աճյունը հողին հանձնելու անհնարինության հետ կապված` ընտանեկան և այլ ավանդույթներին համապատասխան։

նշենք, որ ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։