
Ատլանտյան «Լի» փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի Նոր Անգլիայի տարածաշրջանի և Կանադայի ծովային մարզերի լայն տարածքների՝ ավերիչ քամիներով, հուժկու ալիքներով և տեղատարափ անձրևներով, որոնք տապալել են ծառեր, հեղեղել ճանապարհները և հոսանքազրկել տասնյակ հազարավոր մարդկանց: Մեն նահանգում մեկ մարդ է զոհվել, երբ ծառի ճյուղն ընկել է նրա մեքենայի վրա, հայտնում է The Associated Press-ը։
Ընդլայնվող հետարևադարձային ցիկլոնի կենտրոնը ցամաք է հասել Նոր Շոտլանդիայի մայրաքաղաք Հալիֆաքսից մոտ 215 կիլոմետր դեպի արևմուտք, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը: Այն գտնվում է Մեն նահանգի Իսթպորտ քաղաքից մոտավորապես 80 կմ հարավ-արևելք: Քամիները գրեթե փոթորկի ուժգնության էին 110 կմ/ժ արագությամբ, թեև մրրիկը թուլացավ, երբ շարժվեց դեպի հյուսիս՝ Նյու Բրունսվիք և Սուրբ Լավրենտիոսի ծոց:
Լին հեղեղել է Նոր Շոտլանդիայի ափամերձ ճանապարհները և շարքից հանել լաստանավերը: Նահանգի ամենամեծ՝ Հալիֆաքս Սթենֆիլդի միջազգային օդանավակայանը, չեղարկել է բոլոր չվերթները։