Շատերն ասում են, որ Երեւանի ավագանու ընտրություններին 130 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան 2018թ., այսինքն՝ համեմատություն են անցկացնում։ Բայց այդ համեմատությունը ճիշտ չէ, քանի որ 2018թ. նկատվում էր հեղափոխական էյֆորիա, հետեւաբար քաղաքացիներն ավելի ակտիվ էին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ցածր մասնակցությունն այս ընտրություններին պայմանավորված է հեղափոխական էյֆորիայի, զանգվածային կաշառքի բացակայությամբ։ Քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերն այնքան էլ գրավիչ չէին։ Եթե ընտրությունները բովանդակալից լինեին, ապա մասնակցությունն այլ կլիներ։
Բացի այդ, մարդկանց մեջ նկատվում է անտարբերություն երկրի ճակատագրի հանդեպ։ Նրանք չեն հավատում, որ ընտրությունների միջոցով կարելի է փոխել իշխանությունը»,- նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ ընտրություններում գրանցվել է ցածր մասնակցություն՝ 28,46 տոկոս (ընտրատուփերին մոտեցել է ընդամենը 234 553 ընտրող 824 250-ից)։