Կոալիցիոն քննարկումներ չեն ընթանում, որեւէ փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու հարց չի քննարկվում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
Նա կրկնեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ չէ համագործակցել այն ուժերի հետ, որոնք համագործակցության հնարավորություն են տեսնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Թևանյանը կարծում է, որ ներկայիս պայմաններում Երևանի քաղաքապետը չի կարողանա իրականացնել իր ծրագրերը, եթե գործարքի չգնա կառավարության հետ, որն այժմ ղեկավարում է Փաշինյանը, քանի որ քաղաքի բյուջեի 65%-ը կախված է կառավարությունից:
«Ուստի անհրաժեշտ է ապահովել, որ Երեւանում ձեւավորվի իրական ինքնակառավարման համակարգ։ Մենք միտված ենք ամբողջական իշխանափոխության, քանի որ հակառակ դեպքում մինչև տարեվերջ մեզ սպասվում են դրամատիկ իրադարձություններ Հայաստանում և Արցախում։ Իշխանափոխությունը Հայաստանի Հանրապետության գոյության բանալին է»,- հավելեց քաղաքական գործիչը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) և «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):
Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։