
Երեւանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, սեպտեմբերի 18-ին մեկնարկել է գիտաժողով, որը միավորել է երկու գիտական միջոցառում՝ «Ռելյատիվիստիկ էլեկտրոնների ճառագայթումը պարբերական միջավայրերում» (Radiation from Relativistic Electrons in Periodic Structures XIV միջազգային սիմպոզիումը), եւ «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների եւ ռենտգենյան ճառագայթների փոխազդեցությունը արտաքին ազդակների առկայության պայմաններում» (Electron, Positron, Neutron and X-ray scattering under External Influences) VIII միջազգային համաժողովը։
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ «Ռելյատիվիստիկ էլեկտրոնների ճառագայթումը պարբերական միջավայրերում» սիմպոզիումը մշտական միջոցառում է, որը կազմակերպվում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի երկարամյա գիտական գործընկեր՝ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի կողմից: «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների եւ ռենտգենյան ճառագայթների փոխազդեցությունը արտաքին ազդակների առկայության պայմաններում» համաժողովը անցկացվում է ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կողմից 2003 թվականից։ Առաջին գիտաժողովն անցկացվել է Մեղրիում, որտեղ ինստիտուտը մասնաճյուղ ունի, եւ այդ ժամանակից ի վեր այն կոչվում է նաեւ «Մեղրի»։
Միավորված գիտաժողովին, նրա խոսքով, մասնակցում են ֆիզիկոսներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Սերբիայից, Չինաստանից եւ այլն: Սիմպոզիումի թեմաները հիմնականում վերաբերում են արագացուցիչներում փնջերի ճշգրիտ գրանցման նոր մեթոդներին եւ արագացուցիչների ստեղծման նոր տեխնոլոգիաներին: Գիտաժողովի թեմաներն են տարբեր տիրույթներում ճառագայթման աղբյուրների ստացումը, ինչպես նաեւ ճառագայթման վրա արտաքին ազդեցության ուսումնասիրությունը: Վահան Քոչարյանի խոսքով՝ գիտաժողովի մասնակիցներից շատերի հետ ինստիտուտն աշխատում է տարբեր համագործակցային նախագծերում, եւ այդ նախագծերի մասին նույնպես զեկույցներ կլինեն։
Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Պոտիլիցինը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ռելյատիվիստիկ էլեկտրոնների ճառագայթումը պարբերական միջավայրերում» առաջին սիմպոզիումը տեղի է ունեցել 1993 թվականին Տոմսկում, որից հետո այն անցկացվել է տարբեր վայրերում երկու տարին մեկ՝ Իտալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում։ Հայաստանում այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, առաջինը 10 տարի առաջ էր Սեւանա լճի ափին։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների ֆիզիկոսների մասնակցությամբ նման սիմպոզիումները շատ օգտակար են փորձի փոխանակման համար եւ հատկապես օգտակար են երիտասարդ գիտնականների համար՝ անհրաժեշտ կապեր ձեռքբերելու տեսնակյունից։
«Հետազոտությունների հիմնական նպատակներից մեկը, որոնց արդյունքները զեկուցվում են այս սիմպոզիումում, նոր մեթոդների եւ ճառագայթման նոր աղբյուրների մշակումն է, որոնք միջանկյալ դիրք կզբաղեցնեն ստանդարտ ռենտգենյան խողովակի, որն օգտագործվում է բժշկության մեջ եւ դրանից դուրս, եւ հսկայական կայանքների միջեւ, որոնք կոչվում են էլեկտրոնների կուտակիչներ, եւ տալիս են սինքրոտրոնային ճառագայթման փնջեր՝ շատ ուղղորդված, շատ հզոր, եւ որոնք օգտագործվում են ավելի մանրակրկիտ հետազոտությունների համար: Օրինակ, բժշկության մեջ դրանք օգտագործվում են արյան անոթները հետազոտելու համար, որոնք ունեն 0,5 մմ չափ, եւ ռենտգենյով դա հնարավոր չէ տեսնել: Իսկ սինքրոտրոնային ճառագայթման փնջի միջոցով դա կարելի է ուսումնասիրել: Բայց այդ սարքավորումները հսկայական են, արժեն մի քանի հարյուր հազար դոլար, եւ բժշկական նպատակներով կարող են օգտագործվել միայն սահմանափակ թվով հիվանդների համար: Իսկ եթե սարք հորինենք, որը տեղ կզբաղեցնի այդ երկու աղբյուրների միջեւ, ապա դա լավ առաջընթաց կլինի»,-ասաց գիտնականը։
Լոնդոնի համալսարանի Royal Holloway քոլեջի պրոֆեսոր Պավել Կարատաեւը պատմեց, որ գիտաժողովն ընդգրկում է գիտական խնդիրների ամբողջ սպեկտր, որոնք կապված են նյութի հետ ճառագայթման փոխազդեցության, ճառագայթման նոր տեսակների առաջացման, մասնիկների փնջերի ախտորոշման հետ:
Իտալիայի ազգային միջուկային կենտրոնի (Ֆրասկատի) գիտության գծով տնօրեն Սուլթան Դաբաղովը պարզաբանեց, որ պինդ մարմինների հետ լիցքավորված մասնիկների փնջերի փոխազդեցության հետ կապված հետազոտությունները արդիական են բոլոր ժամանակներում: Այս ուսումնասիրությունները նաեւ կիրառական նշանակություն ունեն, մասնավորապես բժշկության մեջ: «Օրինակ, լիցքավորված փնջեր ձեւավորելու կարողությունը կարեւոր է ճառագայթային թերապիայի, ախտորոշման համար։ Եվ համաժողովի զեկույցների 30%-ը նվիրված է կիրառական հարցերին»,-ասաց Դաբաղովը։
Վաղվանից համաժողովը կշարունակվի Ծաղկաձորում։ Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը: Սեպտեմբերի 23-27-ին Մեղրիում տեղի կունենա Գուրգեն Ասկարյանի անվան միջազգային գիտական դպրոցը, որտեղ գիտաժողովի մասնակիցները դասախոսություններ կկարդան երիտասարդ ֆիզիկոսների համար: