Երեւանի ընտրություններում իշխանության պարտության եւ Արցախի դեմ հարձակման միջեւ հստակ կապ կա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայաստանի ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
«Երբ իշխանությունը պարտվեց Երեւանի ընտրությունները, սա կարեւոր ազդակ էր Ադրբեջանի կամ այլ շահագրգիռ պետությունների համար, որ այն իշխանությունը, որ հանձն էր առել վերջնական իր տրամաբանական ավարտին հասցնել այս գործընթացները, կարող է շատ արագ տապալվել, հետեւաբար, այս ամենը գնում է ավելի արագացման եւ նաեւ որոշ չափով կանխում է այստեղ իշխանության հանձնումը»,-ասաց նա:
Սուրեն Պետրոսյանի խոսքով, իրականում իրադարձությունները մտնում են վճռական փուլ, որտեղ կա երկու ճանապարհ. Կամ մենք այս տուրբուլենտ վիճակից դուրս ենք գալու որակական այլ մակարդակում, կամ գնալու ենք վերջնական անկման: «Սա այդ փուլն է: Այս պահին առաջնահերթ խնդիրն է իրականացնել այդ խորքային փոփոխությունը, որի առաջին քայլը լինելու է իշխանափոխությունը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես ասեմ՝ ինչ ձեւով չի լինելու. այս դեպքում իշխանափոխությունը երբեք չի լինելու ընտրությունների միջոցով: Մենք մեր վարքով պետք է կարողանանք ցույց տալ մեր կամքը, մենք լինելու ենք, թե չենք լինելու: Միակ տարբերակը մարդկանց փողոց հանելն է, երկրորդ տարբերակ չի լինելու:
Պատմական փաստ է, ինչքան իշխանություններն ավելի են թաղվում խորքային պրոբլեմների մեջ, նրանք ավելի կառչած են մնում իշխանությունից: Հիմա խնդիրն այն է, որ այս օրակարգի շուրջ տեղի ունենա հանրային մոբիլիզիացիա, որովհետեւ իշխանությունը ոչ միայն ունակ չէ երաշխավորելու հայերիս անվտանգությունը, այլ նաեւ չկա այդպիսի նպատակ»:
Նա հավելեց, որ պայքարի վերջնակետը լինելու է այստեղ՝ ԱԺ-ում. «Դա չի լինելու ոչ հրապարակում, ոչ որեւէ այլ վայրում. «Դրա համար ովքեր շահագրգռված են փոփոխություններով, ոկչ եմ անում գալ, հավաքվել այստեղ»: