Ոստիկանությունը քիչ առաջ Կառավարության բակում ակցիա իրականացնող քաղաքացիներին զգուշացրեց, որ հատուկ միջոցներ կկիրառի, եթե նրանք որևէ գործողություն իրականացնեն: Մինչև այդ էլ ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին մեծ թվով քաղաքացիների:
Քաղաքացիները քարեր, ձվեր ու շշեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ։
Նշենք, որ Կառավարության բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, որոնք այժմ մի քանի շարքով պատ են կազմել կառավարության շենքի դիմաց:
Այստեղ է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքը թեեւ ավարտվեց, սակայն քաղաքացիները համաձայն չէին գնալ տուն, առավոտյան այցելել Եռաբլուր, իսկ երեկոյան նորից հանրահավաք անել հրապարակում: Նրանցից շատերը պահանջում էին գործողություններ իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է:
Ի վերջո, տեղի տալով այդ պահանջներին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց. «Մենք մնում ենք հրապարակում»: Միաժամանակ նա նշեց, որ պայքարը պետք է լինի անցնցում եւ ապահովելով զանգվածայնություն հասնել իշխանափոխության:
Որոշ ժամանակ անց ընդդիմության առաջնորդները հեռացան հրապարակից, ամենայն հավանականությամբ, խորհրդակցությունները շարունակելու: Իսկ Հրապարակում մնացած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բխումներ սկսվեցին: