
Հարավային Կորեան 10 ֆիզիկական անձանց եւ 2 իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցներ է մտցրել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի եւ երրորդ երկրների (ներառյալ Ռուսաստանի) հետ զենքի առեւտրի առիթով, տեղեկացրել է արտաքին գործերի նախարարությունը։
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը եւ նրա զինված ուժերի շտաբի պետն այն անձանց մեջ են, որոնց սպառնում են նոր պատժամիջոցները։
Պատժամիջոցները «Հյուսիսային Կորեայի անօրինական գործունեության պատասխանն են, երկիրը սպառնում է համաշխարհային հանրությանը, ինչպես նաեւ խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում», հայտնել են ԱԳՆ-ում։
Պատժամիջոցներն ուղղված են չորս ֆիզիկական եւ երկու իրավաբանական անձանց դեմ, որոնք կապված են երրորդ երկրներին (ներառյալ Ռուսաստանին) զենք վաճառելու հետ, դրանք վերաբերում են նաեւ սլովակյան Versor S.R.O. ընկերությանը եւ նրա գլխավոր տնօրեն Աշոտ Մկրտիչեւին Սլովակիայից, նշվել է հաղորդագրությունում։ Նախարարությունը զենքի վաճաքռի մասին մանրամասներ չի հաղորդել։
Պատժամիջոցներ մտցնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ եթե Ռուսաստանն օգնի Հյուսիսային Կորեային ընդլայնել սպառազինությունների իր ծրագիրը Ուկրաինայի պատերազմում նրան օգնելու դիմաց, դա իսկական սադրանք կլինի։