Այդ փաստաթղթում ամեն ինչ ասված է եւ դրա շուրջ են որոշվելու Արցախի մեր հայ բնակչության ճակատագիրը՝ բնակչության տեղահանման, Հայաստան տեղափոխելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, որոնք քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու. «Այսօր Հայաստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ և միայնակ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, ընդ որում, նաեւ նրանց սադրանքների, պատերազմական գործողությունների ազդեցության ներքո, հիմա այսօր իրենք բանակցելու են։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այնտեղ այդ արհավիրքի մնացած հայ ժողովրդի ճակատագիրը որոշվի: Կարծում եմ, որ Արցախի ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան։ Ոչ ոքի չես կարող կտրել իր տնից, տարածքից, մի մասն էլ կարող է այնտեղ մնալ»։
Հիշեցնենք, որ ճակատում տիրող ծանր իրավիճակից ելնելով երեկ՝ սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, ԼՂ ՊԲ-ի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, ԼՂ տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման վերաբերյալ կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ: