
Արցախում, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, զոհվել է հինգ ռուս զինծառայող։ Իր Թելեգրամ ալիքում այս թիվն է նշել RT-ի Խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Հավերժ հիշատակ մեր հինգ մարտիկներին, որոնք զոհվել են այսօր՝ պաշտպանելով հայ ժողովրդին։ Եթե դուք չլինեիք, անհամեմատ ավելի շատ արյուն կհեղվեր»,- գրել է նա։
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն առայժմ տեղեկացրել է զոհերի թվի մասին։
Ինչպես տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի սուզանավերի նավաստիների եւ ՌԾՈւ վետերանների ակումբը, զոհվածների մեջ է առաջին կարգի կապիտան Իվան Կովգանը, որը զբաղեցնում էր ռազմաքաղաքական աշխատանքի գծով փոխհրամանատարի պաշտոնը։ Նա գործուղվել էր երկու ամիս առաջ եւ զբաղեցնում էր խաղաղապահ զորակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Ռուսական URA.RU պորտալը նշել է եւս մեկ զոհվածի անուն՝ Կենտրոնական ռազմական օկրուգի գնդապետ Թաղիր-Մուրոդ Կարաեւ։
Պորտալի տվյալներով՝ գնդապետ Կարաեւը ծառայում էր Կենտրոնական ռազմական օկրուգի 29-րդ բրիգադում, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերում։ Զորամասը խաղաղապահ կորպուսի կազմում տեղակայված էր Արցախում։
Թաղիր-Մուրոդ Կարաեւը ծառայակիցների հետ միասին «ՈւԱԶ-Պատրիոտ» մեքենայով գնացել էր դիրքերում փոխարինելու իր ենթականերին, բայց ճանապարհին մեքենան գնդակոծվել է Ջանյաթաղ գյուղի մոտ։ Մեքենայում գտնվողները բոլորը մահացել են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից խաղաղապահների «ողբերգական մահվան» առիթով, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցում Ալիեւը «խոր ցավակցություններ» է հայտնել ողբերգության առիթով, խոստացել «մանրակրկիտ հետաքննություն» իրականացնել եւ պատժել մեղավորներին։
«ՌԻԱ Նովոստի»-ի իրավիճակին ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ առաջին կասկածյալները արդեն կալանավորված են, իսկ միջադեպի պատասխանատու հրամանատարները՝ հեռացված։