
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան այժմ խնդիր է դարձել Իտալիայի կառավարության համար։ Ինչպես գրում է La Republicca թերթը, Ադրբեջանն արդեն որոշ ժամանակ է՝ բանակցություններ է վարում Իտալիայից խոշորամասշտաբ սպառազինություն գնելու շուրջ:
Բաքվի գնումների ցանկում ներառված են ուսումնամարզական ինքնաթիռներ, գրոհային հրացաններ, զենիթային ինքնագնաց կայանքներ, զենիթահրթիռային համալիրների մարտկոցներ, տրանսպորտային ինքնաթիռներ եւ սուզանավեր:
Բանակցություններում ներգրավված են գրեթե բոլոր խոշոր ազգային խաղացողները.գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մեկ-երկու միլիարդ եվրո: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ արդեն մի քանի ամիս ընթանում են տեխնիկական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում է Իտալիայի ներդրումը Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման ծրագրում։
Անցած տարվա հունիսին իտալական Leonardo ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է կնքել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին չնշված քանակությամբ Leonardo C-27J Spartan տուրբոպրոպային ռազմատրանսպորտային ինքնաթիռների մատակարարման շուրջ։
Փաստորեն, բոլոր պայմանագրերը դեռ արգելափակված են, քանի որ UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվություն չկա։ Սա մարմին է, որը զբաղվում է ռազմական արտահանման հարցերով եւ վերահսկում է 1992 թ. օրենքի կիրառումը:
Իհարկե, դժվար թե սուզանավերը օգտագործվեն այս լեռնային տարածաշրջանում։
Սուզանավերը Բաքվի ցանկությունների գագաթնակետն են։ Այդ ոչ մեծ սուզանավերը իդեալական են Կասպից ծովի ծանծաղ ջրերում գործողությունների համար, որտեղ ադրբեջանական նավատորմը ստիպված է դիմակայել Իրանին եւ Ռուսաստանին:
Բայց երկար սիրախաղերից հետո ադրբեջանցիները կարծես կորցրել են համբերությունը եւ սկսում են այլընտրանքներ փնտրել Թուրքիայում եւ Իսրայելում:
Խնդիրն այն է, որ անհանդուրժողականության այս իրավիճակը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Բաքվի հետ հարաբերությունների ամենակարեւոր կողմի՝ գազի մատակարարման համար, որն անհրաժեշտ է Մոսկվայից մատակարարումների կրճատումը փոխհատուցելու համար:
Մելոնիի կառավարության բարեփոխումներից մեկը ենթադրում է զենքի արտահանման համար պատասխանատվության փոխանցում բոլոր առանցքային նախարարությունները ներկայացնող նոր գերատեսչությանը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք էներգետիկ քաղաքականությունը կզրոյացնի Ադրբեջանի պարագայում էթիկական տատանումները եւ կհամալրի պատերազմ վարող երկրի ռազմական զինանոցները»։