
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելու հնարավորությունը։
«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ Ուկրաինան այժմ «ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Կիևը շատ հստակ արտահայտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը, և Ուկրաինան կդառնա դաշինքի անդամը, ինչպես հայտարարվել է հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում։
Մինչ այս Սթոլթենբերգը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում արտաքին հարաբերությունների խորհրդում, ասել էր, թե ՆԱՏՕ-ն կմնա որպես տարածաշրջանային դաշինք։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հատկացվող միջոցների նկատմամբ հսկողության բացակայության վերաբերյալ հանրապետական մտահոգությունների ֆոնին։