
JPMorgan-ի վերլուծաբանները նախազգուշացրել են նավթի գների հնարավոր բարձրացման մասին մինչև 120 դոլար մեկ բարելի դիմաց ՕՊԵԿ+-ի կողմից առաջարկի կրճատման ֆոնին: Նրանց կարծիքով՝ արտադրության հետագա նվազումը կարող է հանգեցնել գների կտրուկ աճի։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Փորձագետները նշում են, որ նավթի գները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են 27%-ով՝ գերազանցելով բարելի դիմաց 95 դոլարը։ Պատճառը եղել է և՛ պահանջարկի աճը, և՛ OPEC+-ում արդյունահանման զգալի նվազումը։
JPMorgan-ում կարծում են, որ ՕՊԵԿ+-ի առաջնորդները կարող են էլ ավելի կրճատել նավթի մատակարարումը։ Սա կարող է գները բարձրացնել մինչև 120 դոլար մեկ բարելի դիմաց 2023 թվականի երկրորդ կեսին։ Փորձագետների կարծիքով՝ գների նման թռիչքը հաջորդ եռամսյակում կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի գրեթե ամբողջական դադարեցմանը։ Նման ցնցումները սովորաբար նկատվում են ռեցեսիաներից առաջ:
Morgan Stanley-ն նավթի բարձր գներ է կանխատեսում նաև 2023-2024 թվականներին՝ նշելով շուկայում դեֆիցիտը։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագիծը չափազանց բարձր կլինի։ Իր հերթին Goldman Sachs-ը գների աճ է կանխատեսում մինչև 100 դոլար՝ պահանջարկի ավելացման և ՕՊԵԿ+-ի մատակարարման սահմանափակումների ֆոնին։ Իսկ Citigroup-ը կանխատեսում է հետագա անկում՝ այլ երկրների կողմից արտադրության ավելացման պատճառով: