Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է միջազգայնորեն հավուր պատշաճի երաշխավորվեն եւ պաշտպանվեն։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ձեզանից ոմանք ձեր հայտարարություններում դեռ շարունակում են կողմերին ընդհանուր կոչեր անել։ Այս մոտեցումն այլեւս կիրառելի եւ տեղին չէ։ Այլեւս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ եւ զոհեր։ Այլեւս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք։ Արդյո՞ք դեռ հնարավոր է այն հիմա կանխել։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հավատում ենք, որ հնարավոր է, քանի որ դեռ հավատ ունենք մարդկայնության եւ միջազգային իրավունքի նկատմամբ, հազարավոր մարդկանց կյանքերի վտանգման պարագայում Անվտանգության խորհրդի վճռական քայլեր կատարելու կարողության նկատմամբ»,– ասաց նա։
Միրզոյանը Անվտանգության մի քանի կետից բաղկացած կոչ ուղղեց.
– Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը եւ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը
– Պահանջել միջազգային իրավունքի նորմերից բխող պարտականությունների լիակատար իրականացում
– Անմիջապես տեղակայել ՄԱԿ–ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ–ում, որի նպատակը կլինի մշտադիտարկել եւ գնահատել մարդու իրավունքները եւ մարդասիրական իրավիճակը
– Ապահովել ՄԱԿ–ի գործակալությունների միջազգային կազմակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիություն
– Ապահովել կողմերի լիարժեք համագործակցությունը Կարմիր խաչի կոմիտեի հետ, այդ թվում՝ զոհվածների մարմինները գտնելու եւ վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու, ռազմագերիներին վերադարձնելու, մարդասիրական օգնությունը անխոչընդոտ տեղ հասցնելու համար
– Ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց վերադարձը , ինչպես նաեւ 2020–ի պատերազմի հետեւանքով տեղահանվածների վերադարձը իրենց տներ ԼՂ–ում եւ հարակից շրջաններում ՄԱԿ–ի համապատասխան գործաալությունների վերհսկողության ներքո, ինչպես նախատեսված էր Նոյեմբերի 9–ի հայտարարությամբ
– Պահանջել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների եւ մեքենաների ազատ տեղաշարժը
– Ապահովել երկխոսության արդյունավետ մեխանիզմ ԼՂ ներկայացուցիչների եւ պաշտոնական Բաքվի միջեւ
– Պահանջել, որ ադրբեջանական ռազմական եւ իրավապահ մարմինները դուրս գան քաղաքացիական բնակավայրերից՝ բացառելու համար սադրանքը եւ լարվածությունը մինչեւ բանակցությունների ավարտը
– Բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական եւ ռազմական անձնակազմի նկատմամբ
– Հնարավորություն ստեղծել, որպեսզի ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահ ուժ լինի Լեռնային Ղարաբաղում, որպեսզի պահպանի ԼՂ–ում անվտանգությունն ու խաղաղությունը
Վերջում Արարատ Միրզոյանը շնորհավորեց հայ ժողովրդին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ եւ հայերեն եզրափակեց ելույթը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։