
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին «ձմերուկով տորթերի» նկարների սլայդշոուն փոխարինել էր ռազմական տեխիկայի արբանյակային լուսանկարներով, սակայն փաստարկները մնացել էին «տորթային մակարդակի», հռետորաբանությունը՝ ագրեսիվ։
Երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես և սպասվում էր,որպես Ադրբեջանի ցեղասպան գործողությունները անպաշտպան արցախահայության նկատմամբ արդարացնելու հիմք օգտագործում էր շաբաթներ շարունակ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից նախապատրաստվող տեղեկատվական ֆոնը՝ «հրադադարի ռեժիմի խախտումների» և «ամրաշինական աշխատանքների կատարման» վերաբերյալ։
Բայրամովը պնդում էր՝ քաղաքացիական օբյեկտներ չեն թիրախավորվել և որպես ասածների ապացույց մեջբերեց Փաշինյանի՝ վերջին ուղերձում արված հայտարարությունը, որ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և որ իր գնահատականով՝ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա․ «Հիշեցնեմ՝ սա Հայաստանի վարչապետի կողմից մի քանի ժամ առաջ արված հայտարարություն է»,- ասաց Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք հասել են «հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում դրված բոլոր նպատակներին, եթե Հայաստանը կատարեր եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունները, ապա դրան կարելի էր վաղուց և խաղաղ ճանապարհով հասնել»։
Բայրամովը ասել է, որ «չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումից բխող բոլոր լուրջ մարտահրավերներին, Ադրբեջանը կրկին հաստատում է անկեղծ երկխոսության և բանակցությունների իր պատրաստակամությունը՝ հիմնված երկու երկրների օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի վրա»։