
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային 325 միլիոն դոլարի անվտանգության փաթեթի մասին։
Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ է այցելել Վաշինգտոն։ Ավարտելով իր այցը, որը ներառում էր հանդիպումներ և քննարկումներ օրենսդիրների և Պենտագոնի պաշտոնյաների հետ՝ Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Բայդենի հետ, հաղորդում է Fox News-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ փաթեթը ներառում է հակատանկային զենքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային արկեր և այլ սարքավորումներ։
Անցյալ շաբաթ Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենի վարչակազմն ավելի քան 100 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինայի պատերազմի վրա։
Ի հավելումն Ուկրաինայում արդեն իսկ ծախսված ավելի քան 100 միլիարդ դոլարի՝ անցած ամիս Սպիտակ տունը խնդրել է Կոնգրեսին թույլատրել լրացուցիչ 24 միլիարդ դոլարի օգնության տրամադրում։
Բայդենի խնդրանքը ներառում է 13 միլիարդ դոլար պաշտպանության և 11 միլիարդ դոլար՝ Ուկրաինային տնտեսական և մարդասիրական օգնության համար: