
Հիմա ինձ բերման են ենթարկում, դրանից պետք չի մեծ բան սարքել, ակցիաները շարունակվում են: Այս մասին ոստիկանական մեքենայում «լայվում» ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Ոստիկանները պահանջեցին անջատել հեռախոսը:
Ավելի ուշ Անդրանիկ Թեւանյանը հանդես է եկել կոչով՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. «Հարգելի քաղաքացինե՛ր, բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց։ Շուտով ես էլ կմիանամ ձեզ»։
Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը, Մոսկովյան փողոցը: Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել Բուզանդի փողոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։
Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։