«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվել է, այս պահին նրան մեղադրանք են առաջադրում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց գործադուլ հայտարարել և միանալ իրենց անհնազանդության ակցիաներին.
«Դադարեցրեք աշխատանքը, Հայաստանը չի կարող աղետի հասած իրավիճակում բնականոն, իբր թե ոչ մի բան չի եղել, այդ տրամաբանությամբ շարունակի կյանքը: Շրջեք քաղաքում, մտեք սրճարանները, առանց վիրավորելու ու նեղացնելու, եղբայրաբար բացատրեք, թե ինչ է այսօր կատարվում Արցախում, որ տեղի է ունենում ցեղասպանություն, որ մտնելու է այդ աղետը յուրաքանչյուրի տունը, ասեք՝ միանան մեզ: Մեզ դրված խնդիրները կարող ենք լուծել այն դեպքում, երբ որ Երևանի փողոցներում և հրապարակներում ունենանք մեր ժողովրդի անհաղթահարելի ուժը, այդ դեպքում ոստիկանները չեն կարող պաշտպանել այդ թշնամուն»:
Նա նշեց, որ ինքնաբուխ ակցիաները պետք է շարունակվեն: