News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ուրիշ ելք չկա՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու Եվրամիությանը՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն դեպքում, ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Թող աշխարհը արձագանքի, Հայաստանն էլ հետը։

Արցախցիների փոքրիշատե բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Ադրբեջանական զինուժը բոլոր բնակավայրերի մատույցներում է, նրա վերահսկողության տակ են բոլոր ճանապարհային առանցքային հանգույցները։ Ու ոչ մի դեպքում հետ չի գնալու, անգամ եթե ՄԱԿ-ի բանաձև լինի։ Իրենց վաղեմի քարոզչական թեզերն են օգտագործելու ՄԱԿ-ի նախորդ բանաձևերի վերաբերյալ։ Սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի։

Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի անհավանական տարբերակ, որ Եվրամիությունը հարյուրավոր դիտորդներ է ուղարկում Արցախ, ապա միևնույն է՝ քիչ բան է փոխվելու պատանդառված բնակչության կյանքում։ Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի ֆանտասմագորիկ տարբերակ, ըստ որի ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորք է մտցնում Արցախ ու ամեն մի տան մոտ մի զինվոր կանգնած կլինի, դարձյալ դա կյանք չի լինելու, այլ դժոխքի լայթ տարբերակ։

Ովքեր այլ կարծիք ունեն՝ պիտի պատկերացնեն հետևյալը։ Արցախում ճարահատ մնացած մարդկանց ստիպելու են  Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ստիպելու են սովորել ադրբեջաներեն՝ ատելության լեզուն, այն լեզուն, որով տասնամյակներ ի վեր հայատյաց քարոզչություն է տարվել։ Ստիպելու են դպրոցներում անցնել «Ադրբեջանի պատմություն» առարկան, որի դասագիրքը լեցուն է լինելու հայատյացությամբ ու հայկականության նվաստացմամբ։ Բայց նույնիսկ դա չէ ամենասարսափելին։ Արցախցի փորձագետ Անուշ Ղավալյանը մի իրավիճակի մասին է գրել, որն առաջին հայացքից նույնպես ֆանտասմագորիկ է թվում, բայց, ցավոք, շատ ավելի իրական է, ցավալիորեն իրական։ Խնդիրը հետևյալն է։ Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։ Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր  հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն... Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։

Ռուսները չեն ուզում, որ արցախցիները դուրս գան։ Ռուսներն  ուզում են, որ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Ադրբեջանն էլ ժամանակավորապես չի ուզենա, որ արցախցիները դուրս գան։ Բաքուն ուզում է մի «քաղաքակիրթ» «վիտրինա» ստեղծել ու խոսել իրենց երկրում «հանդուրժողականության» առկայության մասին՝ դրանով իսկ մաքրելով իր բոլոր վայրագություններն ու գազանությունները։ Ու հետո՝ հարմար պահի, դարձյալ սկսի կոտորածը։ Արևմուտքը ևս առայժմ հակված չէ տարհանման գաղափարին, քանի որ ստիպված պիտի լինի ընդունել իր աչքի առաջ կատարված էթնիկական զտումը և իր ամոթալի «անզորությունը»։

Բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե Արցախի իշխանությունը խելամիտ, հետևողական ու համարձակ լինի, ապա կարող ենք հասնել մեր նպատակին։ Արցախի ղեկավարությունն էլ է ծուղակի մեջ, և նրան սպառնալիքներով ստիպում են ընդունել ադրբեջանցիների ու ռուսների ծրագիրը։ Բայց Արցախի բնակչությունն այլ ելք չունի՝ պիտի սեփական իշխանություններին ստիպի դիմել միջազգային հանրությանը։

Պետք չէ մարդկանց կյանքերը դարձյալ մտցնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպիտի թույլ տանք դա։ Երեք պատերազմ տեսած, ահավոր կորուստներ ունեցած, սով ու զրկանքներ տեսած մարդիկ վերջապես պետք է իրավունք ունենան ապրելու մարդկային կյանքով։ Մեր զավակներին պիտի շանս տանք ստեղծագործ ու արժանապատիվ կյանքով ապրելու։

Կազմակերպված տարհանումը մի առավելություն էլ ունի՝ կկարողանանք տեղափոխել ու փրկել  մեր հոգևոր-մշակութային շարժական արժեքները և պետական արխիվը։

Ամեն դեպքում, կարծում եմ, մարդկանց պիտի ընտրության հնարավորություն տրվի։ Թող յուրաքանչյուր մարդ անհատական որոշում կայացնի։ Բայց այդ հնարավորությունը պիտի կարողանանք ապահովել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ