Ես կարծում եմ, որ Արցախում հնարավոր էր կանխել այն, ինչ տեղի ունեցավ, եթե մի քանի ուղղություններով կոնկրետ աշխատանքներ տարվեին կոնկրետ Արցախում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Արցախը պետք է ավելի պատրաստ լիներ Ադրբեջանին դիմագրավելու եւ Ադրբեջանին ոչ ասիմետրիկ հարվածներ հասցնելու: Բայց երբ սկսվեցին գործողությունները, դրանից մի քանի ժամ հետո Թեհրանում մի շատ կարեւոր հանդիպում տեղի ունեցավ. ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակության հետ: Այդ հանդիպման ժամանակ շատ արտառոց բան տեղի ունեցավ, երբ Շոյգուն քննարկելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, բացի Իրանի հետ տռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցերից ասաց՝ Իրանի հյուսիսային հարեւաններ Հայաստանը եւ Ղարաբաղը: Սա արտառոց է, որովհետեւ Իրանի հյուսիային հարեւանները Հայաստանն ու Ադրբեջանն են, ոչ Ղարաբաղը: Իսկ Ղարաբաղ անունով եղել է Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղի խանություն»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հանդիպումը վկայում է, որ այդ մակարդակով էր կանգնեցվելու ռազմական գործողություններն Արցախում:
Նրա խոսքով, Հայաստանը հերթական անգամ չի ցանկացել մասնակցել Իրանի եւ Ռուսաստանի հետ այդ բանակցություններին եւ ռազմական գործողությունները շարունակվեցին. «Ռուսաստանն ու Իրանն այդ ձեւով էին կանգնեցնելու ռազմական գործողությունները, բայց Հայաստանը կասեցրեց Արցախում ռազմական գործողությունները կանգնեցնելու իրեն տրված միակ շանսը»,-ընդգծեց փորձագետը:
Նա հայտարարեց, որ ռուսական կողմը այդ ռազմական գործողությունների մասին իրազեկվել է մեկ րոպե առաջ եւ մեկ րոպեում որեւէ բան կասեցնել հնարավոր չէր. «Կգա ժամանակը, որ Ալիեւը այդ հնարքը կիրառելու համար պատասխանատվություն կկրի: Իսկ որ Էրդողանն ասում է, որ Հայաստանի վարչապետը տեղյակ է եղել այդ գործողությունից, դա իրականությանը մոտ է: Նրան զգուշացվել է, որ այնտեղ սկսում ենք, դու անկանոն շարժումներ չանես: Այսինքն Հայաստանի կողմից որեւէ կեցված չդրսեւորվի, ռուսական եւ իրանական կողմերին վաղօրոք չիրազեկվի:
Իրականում Փաշինյանին ոչ թե իրազեկել են, այլ զգուշացրել են՝ վեր ընկիր տեղդ: Ինքն էլ վեր է ընկել տեղը եւ անամոթաբար ստում է, որ ռուսական կողմն իրազեկ է եղել, չասեց»,-հայտարարեց ռազմական փորձագետը: