
Հինգշաբթի Հայաստանի Անկախության օրն էր։ Սակայն այս տարի հայերը տոնելու առիթ չունեին։ Ընդամենը մեկ օր առաջ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իշխանությունները փաստացի կապիտուլյացիայի էին ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ ադրբեջանական զինուժի կարճատև հարձակումից հետո։ Տարածաշրջանի մեծամասամբ հայ բնակչության ապագան մնում է անորոշ, սակայն Ադրբեջանին լիարժեք ինտեգրումն այժմ անխուսափելի է, և հայկական Ղարաբաղի մասին երազանքները, կարծես, ընդմիշտ կործանված են, գրում է Փոլ Ռոբինսոնը Canadiandimension-ում հրապարակած իր հոդվածում:
«2020 թվականին Ադրբեջանը սկսեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը՝ հետ գրավելով Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Պատրաստ լինելով վերցնել մնացածը՝ ադրբեջանցիները դադարեցրին իրենց հարձակումն այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնագիր կնքվեց, որի արդյունքում հայերը վերադարձրին Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները: Սա պահպանում էր այն, ինչ մնացել էր Լեռնային Ղարաբաղից, որը դուրս էր Ադրբեջանի վերահսկողությունից, բայց կախված էր ադրբեջանական տարածքով անցնող նեղ միջանցքից, որը պահպանվում էր ռուս խաղաղապահների կողմից։
Այսպիսով, ռուսները փրկեցին Լեռնային Ղարաբաղը լիակատար նվաճումից։ Սակայն 2018 թվականին այսպես կոչված «անգույն գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սա երախտագիտության առիթ չդարձավ։
2020-ի պատերազմից հետո Փաշինյանի հարաբերությունները Ռուսաստանի հետ էլ ավելի վատացան, իսկ 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Փաշինյանը և նրա կառավարությունը փորձեցին նվազեցնել իրենց կախվածությունը Մոսկվայից՝ ակնարկելով, որ դուրս կգան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ տակավին վերջերս հայտարարեցին ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին։ Փաշինյանը նաև մեծ իրարանցում առաջացրեց անցյալ տարի՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Այժմ Ադրբեջանը օգտվելով իրավիճակից՝ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որը ընդամենը մեկ օր տևած մարտերից հետո ստիպեց Ղարաբաղի իշխանություններին համաձայնվել լիակատար զինաթափմանը։
Քուինսի քոմ պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի Եվրասիական ծրագրի աշխատակից Արթին Դեր Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակի հետևանք են այն բանի, որ «ռուսական բանակը կապանքների մեջ է Ուկրաինայում ընթացող պատերազմով» և «վարչապետ Փաշինյանի՝ հայկական զորքերն ուղղակիորեն այդ պայքարում ներգրավելու դժկամության»: Ադրբեջանի հաղթանակը լիակատար է թվում։
Փաշինյանն ու նրա հետևորդները փորձում են Ռուսաստանին մեղադրել այս ֆիասկոյի մեջ՝ պնդելով, որ Մոսկվան թույլ է տվել Ադրբեջանին հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ Փաշինյանին վարկաբեկելու, իշխանությունից հեռացնելու և ռուսամետ հայկական կառավարություն ստեղծելու համար։ Ի վերջո, չկա հիմնավոր պատճառ, որով Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Ադրբեջանի հետ, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է ապացուցել, որ չի ցանկանում դա անել: Սակայն անհեթեթությունը երբեք չի խանգարել մարդկանց հավատալ դավադրության տեսություններին, և այս տեսությունը կարող է օգնել Փաշինյանին որոշ չափով խուսափել պատասխանատվությունից։ Սակայն, արդյո՞ք, դա բավարար չափով կօգնի նրան, առայժմ հայտնի չէ։
Թեև որոշ հայեր կարող են մեղադրել Ռուսաստանին, բայց շատերը սլաքն ուղղում են հենց Փաշինյանի վրա։ Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի գիտաշխատող Պիետրո Շաքարյանը պնդում է, որ «Փաշինյանի վարչապետությունը աղետ էր հայ ժողովրդի համար»։ Ըստ Շաքարյանի, մինչև վերջերս «Փաշինյանին հաջողվում էր պահպանել իշխանությունը՝ մի շարք մանիպուլյատիվ պոպուլիստական մարտավարություններով։ Սակայն... նրա կողմից վերջերս Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում հայերը որակեցին որպես միանշանակ դավաճանություն: … Այսօր երկրում գրեթե ամենուր նրան չեն սիրում»:
Փաշինյանը իշխանության եկավ, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» կոռուպցիայի դեմ բողոքի ալիքով, որոնց թվում էին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ Երևանի Քաղաքական-տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Բենիամին Պողոսյանի, «ղարաբաղյան կլանի» նկատմամբ ատելությունը սկսեց տարածվել ամբողջ Ղարաբաղի վրա։ Հետևաբար, շատ հայեր չէին ուզում կռվել այն պաշտպանելու համար։
Պողոսյանը նշում է, որ «Փաշինյանի հիմնական նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, ինչը կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից և Հայաստանին կմոտեցնի Արևմուտքին»։ Այս տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն ավելի շուտ բեռ էր, քան ակտիվ»։ Ուստի, Փաշինյանին քննադատողները մեղադրում են նրան Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու մեջ՝ հանուն իր առավել լայն արևմտամետ և հակառուսական քաղաքական նկրտումների իրականացման։
Շաքարյանը նշում է, որ Ղարաբաղի կորուստը կասկածի տակ է դնում «Կովկասում Ռուսաստանի ունեցած դիրքը»։ «Արևմտյան բազմաթիվ զինվորական բազեներ դա հասկանում են» և կփորձեն օգտվել դրանից, ասել է նա:
Պողոսյանը փոքր-ինչ ավելի երկիմաստ է վերաբերվում հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներին՝ պնդելով, որ Հայաստանի համար ավելի դժվար է թեքվել դեպի Արևմուտք գործնականում, քան տեսականորեն։ Ըստ Պողոսյանի՝ «Հայաստանի համար Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու և դեպի Արևմուտք շարժվելու միակ ճանապարհը Թուրքիայից որոշակի պաշտպանություն ընդունելն է և միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը Թուրքիայով՝ որպես Հայաստանի հիմնական տնտեսական և անվտանգության գործընկեր փոխարինելը։ Սա կհանգեցնի Հայաստանի հարավային մասի վրա Թուրքիայի և Ադրբեջանի առնվազն փաստացի վերահսկողության: ...Փաշինյանը կգնա՞ դրան։ Հստակ պատասխան չկա»։
Պակաս անորոշ չէ նաև Փաշինյանի քաղաքական ճակատագիրը։ Ե՛վ Պողոսյանը, և՛ Շաքարյանը որոշակի կասկածներ են հայտնում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հիմա դուրս եկած ցուցարարները կկարողանան երկար շարունակել իրենց բողոքի ակցիաները։ Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, պնդում է, որ մնալու է իշխանության։ Սակայն պարզ է մի բան, որ, ինչպես շատ ուրիշ, այսպես կոչված, գունավոր հեղափոխություններ, 2018-ի հայկական հեղափոխությունը ևս վատ ավարտ ունեցավ։