Ունենք մի քանի տասնյակ զոհեր եւ զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք, կա մանուկ երեխա: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը:
«Զոհված մանուկ երեխայի եղբայրն այս պահին ծանր վիճակում է: Կա նաեւ մի ուրիշ երեխա, որ հիմա կազմակերպում ենք այդ երեխայի, նրա մոր եւ մահացած երեխայի աճյունը տեղափոխել Հայաստան: Աշխատանքներ ենք իրականացնում դա կազմակերպելու համար:
Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին հանրապետական հիվանդանոց, կսկսեն նրանց բուժումները շարունակել: Ավաղ խնդիր ունենք այսօր Մարտակերտից մեր զոհվածների աճյունները տեղափոխելու, ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու: Ռուս խաղաղապահները փոխեցին պլանները եւ չունենք ուղեկցող: Կարծում եմ՝ վաղը կկարողանանք Կարմիր խաչի օգնությամբ դա անել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, տվյալ պահին աշխտանքներ են տանում ու շատ են ուզում, որ այսօր 30-ից ավել ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխել Հայաստան:
«Ուրախ եմ, որ Կարմիր խաչի կազմակերպությունը տվեց համաձայնություն, որ ուղեկցեն: Մեքենաները Հայաստանից գան Ստեփանակերտ, վերցնեն մեր վիրավորներին եւ տեղափոխեն Հայաստան: Ունենում ենք դեպքեր, որ ուշացնելու պատճառով չենք հասցնում կյանքը փրկել»: