
Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի են մոտենում հարաբերությունների կարգավորմանը, ինչը հսկայական առաջընթաց կլինի, որը խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան կբացի տարածաշրջանի համար: Այս վստահությունն է հայտնել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։
Իր ելույթում նա ևս մեկ անգամ հայտարարել է Իսրայելի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները փոխելու և, փոխանակ պաղեստինցիների հետ համաձայնության գալու փորձի, հարաբերությունները կարգավորելու առաջարկով արաբական այլ երկրներին դիմելու իր որոշման ճիշտ լինելու մասին։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականին իր երկիրը կարողացավ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաշտության հասնել արաբական միանգամից չորս պետությունների՝ Բահրեյնի, Մարոկոյի, ԱՄԷ-ի և Սուդանի հետ։ Այս գործարքը ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անունը:
«Աբրահամյան համաձայնագրերն», անկասկած, խաղաղության նոր դարաշրջանի ազդարարն էր: Բայց ես վստահ եմ, որ մենք ավելի տպավորիչ բեկման շեմին ենք՝ պատմական խաղաղություն Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև»,- ասել է Նաթանյահուն:
«Նման խաղաղությունը մեծապես կնպաստի արաբա-իսրայելական հակամարտության դադարեցմանը, կխրախուսի արաբական մյուս երկրներին կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, կամրացնի պաղեստինցիների հետ խաղաղության հեռանկարները, կնպաստի հուդայականության և իսլամի, Երուսաղեմի և Մեքքայի՝ Իսահակի և Իսմայիլի ժառանգների միջև լայն հաշտեցմանը»,- իր համոզմունքն է հայտնել Իսրայելի վարչապետը։
Նա նաև նշել է, որ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովում ներկայացվել է անդրազգային տնտեսական միջանցք ստեղծելու ծրագիրը, որը Հնդկաստանից Արաբական թերակղզով և Իսրայելով կանցնի Եվրոպա և էապես կնվազեցնի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրում տնտեսական և տրանսպորտային ծախսերը: Ըստ Նաթանյահուի, Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը այս նախագծի հաջողության գրավականն է։ «Այսօր, երբ մենք քանդում ենք թշնամության պատերը, Իսրայելը կարող է այս մայրցամաքների միջև բարգավաճման և խաղաղության կամուրջ դառնալ: Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը կստեղծի իսկապես նոր Մերձավոր Արևելք»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։
Նա իր խոսքը ցուցադրել է Մերձավոր Արևելքի քարտեզի վրա, որն իր հետ ամբիոն էր բարձրացրել՝ ցույց տալու, թե ինչպես է Իսրայելը 1948թ. անկախության հռչակման պահի լիակատար մեկուսացումից հասել հարևան երկրների մեծ մասի հետ հարաբերությունների կարգավորման: «Մենք ոչ միայն կքանդենք Իսրայելի և մեր հարևանների միջև պատնեշները, այլև կկառուցենք խաղաղության և բարգավաճման նոր միջանցք, որը Ասիան ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի միջոցով կմիացնի Եվրոպային: Սրանք անհավանական, վիթխարի փոփոխություններ են, պատմության ևս մեկ շրջադարձային կետ»,- ասել է հրեական պետության կառավարության ղեկավարը։