
Չորս F-16 ինքնաթիռ և Եվրոպայում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի (USAFE) մոտ 100 զինծառայող ժամանել են Ռումինիայի Բորչայում գտնվող «Լեյտենանտ Գեորգե Մոչորնիցե» ավիաբազա: Այս մասին հայտնում է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«ԱՄՆ զինվորականները կիրականացնեն ուժեղացված օդային ոստիկանության խնդիրներ, ինչպես նաև վարժանքներ կանցկացնեն Ռումինիայի զինվորականների և ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների մասնակցությամբ», - նշում է ռազմական գերատեսչությունը։
Ամերիկյան ինքնաթիռները Ռումինիա են բերվել այն բանից հետո, երբ երկրում երեք անգամ անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել, որոնց ծագումը դեռ պարզվում է։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա՝ ուժեղացնելու ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունը Ռումինիայի օդային տարածքը հսկելու համար:
«Օդային ոստիկանության խնդիրները և համատեղ պատրաստությունը նպաստում են արձագանքման և զսպման կարողությունների բարձրացմանը և ամրապնդում Ռումինիայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի համագործակցությունը», - նշել է ՊՆ-ը։