
Շվեյցարիայի իշխանությունները Մոլդովայի դատախազության պահանջով կալանք են դրել Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի առանձնատան վրա, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Վերոնիկա Դրագալինը։
«Շվեյցարիայից մենք ստացել ենք երկար սպասված հաստատումը, որ առանձնատունը որի իրական սեփականատերը Պլախոտնյուկն է, սառեցվել է։ Այս տունը գնվել է Պլախոտնյուկի փողերով, 2012 թվականին դրա համար վճարել է մոտ 26 միլիոն դոլար»,- ասել է Դրագալինը։ Նա պարզաբանել է, որ այս գույքը կարող է բռնագրավվել դատավարության ավարտից հետո և Պլախոտնյուկի մեղավոր ճանաչվելուց հետո։
Մոլդովայում Պլախոտնյուկին մեղադրում են երկրի բանկային համակարգից միլիարդ եվրոյի դուրսբերմանը մասնակից լինելու մեջ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել երեք հոդվածով՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծում, շորթում և առանձնապես խոշոր չափերով խարդախություն։
Նախկինում հանրապետությունում ձերբակալվել էր Պլախոտնյուկի ունեցվածքը՝ մոտ 1,7 միլիոն եվրո արժողությամբ։ Երկրի իշխանությունները նաև խնդրել էին ձերբակալել նրա ակտիվները Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Ռումինիայում։ Ըստ լրատվամիջոցների, նա ԱՄՆ-ից տեղափոխվել է Թուրքիա՝ դառնալով այդ երկրի քաղաքացի՝ «Քաղաքացիություն ներդրումների դիմաց» ծրագրով։ Ռուսաստանում մի քանի քրեական գործ է հարուցվել Պլախոտնյուկի դեմ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքով, նա հեռակա ձերբակալվել է։